ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԻՐԵՆ
«Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը եւ անելիքը դեռ առջեւում է: Հայտարարում եմ նաեւ, որ ես չեմ վախենում մահից»,-«Առավոտ»-ին ասել է Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Վերջին շրջանում նա պարբերաբար սկանդալային բացահայտումներ էր անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների մասին:
ԱՄՓՈՓԵԼ ԵՆ
Հայաստանի պետական կառավարման մարմինների ղեկավարները երեկ ներկայացրել են 2013թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունները։ Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ միգրացիոն պետական ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները:
ՆՇԱՆԱԿՎԵՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Կարապետյանն օրերս էր հրաժարական տվել սփյուռքի փոխնախարարի պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ ՊՆ Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղարն էր:
ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը վստահ է, որ «Հայ ազգային կոնգրես»-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որն արդեն երկու տարի է՝ կալանքի տակ է, քաղաքական բանտարկյալ է։ Նա կարծում է, որ գուցե նրան անժամկետ ազատեն, բայց չեն արդարացնի։ «Իշխանությունն իր վարքագիծը չի փոխել, ինչպես եղել է մինչեւ դա, այնպես էլ հիմա շարունակում է։ Այո՛, Տիգրան Առաքելյանը դատապարտված է քաղաքական հայացքների համար, իսկ դա միջոց է նրան եւ նրա նմաններին զսպելու համար»,-Tert.am-ին ասել է իրավապաշտպանը։
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբնակեցումն ազատագրված տարածքներում գայթակղիչ դարձնելու համար մտածել է պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր։ «Ա1+»-ի փոխանցմամբ` այս դեպքում փող չի խաղարկվելու, այսինքն՝ դրամով գնելու են վիճակախաղի տոմսը, բայց շահողը ապրանք է շահելու։ «Իսկ շահումը լինելու են հիմնականում Արցախում արտադրված ձեռագործ գորգեր եւ սիմվոլիկ լինելու է բնակարան Ստեփանակերտում, միգուցե նաեւ Շուշի քաղաքում»,-ասել է փոխվարչապետը։ Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2000 դրամ։ Արդեն իսկ վիճակախաղի 220 հազար տոմս շրջանառության մեջ է։
ԴՈԼԱՐՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է
Հուլիսի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.75 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.25 դրամով կամ 0.06%-ով: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 407 դրամը, վաճառքինը` 411 դրամը: