ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրները ցանկացած մեքենայության են պատրաստ, որպեսզի տնտեսության իրական վիճակը թաքցնեն, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն մինչ այս, թվում էր, թե ՀՀ կենտրոնական բանկը «թվանկարիչների» այդ շղթայից դուրս է:

Ի վերջո, ԿԲ-ի տնօրինման տակ գտնվող տվյալները հիմնականում հաստատուն թվեր են եւ վերցվում են Հայաստանի տնտեսության ֆինանսական մասը ներկայացնող կազմակերպությունների, հիմնականում բանկերի ներկայացրած հաշվետվություններից:
Սակայն, ինչպես երեւում է, ՀՀ կենտրոնական բանկը նույնպես այլեւս ի վիճակի չէ իրեն վերապահված վիճակագրական տվյալներն ամբողջությամբ եւ առանց խեղաթյուրման հրապարակել: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԿԲ-ն ամեն ամսվա վերջին հրապարակում է արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ փոխանցվող գումարների վերաբերյալ` հրապարակմանը նախորդող ամսվա պաշտոնական վիճակագրությունը: Մինչեւ այս տարվա ապրլի 30-ը ՀՀ ԿԲ-ի տրանսֆերտների վիճակագրությունը երկու մասից էր բաղկացած: Ցանկերից մեկում ներկայացվում էին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եւ այստեղից արտերկիր փոխանցված ընդհանուր գումարների վերաբերյալ տվյալները: Մյուս ցանկում ներկայացվում էին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եւ արտերկիր փոխանցված ոչ առեւտրային նշանակության գումարները: Այլ կերպ ասած՝ երկրորդ ցանկը հստակ արտացոլում էր, թե արտագնա աշխատանքի մեկնած կամ արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախորդ ժամանակահատվածում որքան գումար են փոխանցել Հայաստան, եւ կամ այստեղից որքան գումար են մարդիկ փոխանցել արտերկրում ապրող իրենց հարազատներին:
Սովորաբար ոչ առեւտրային փոխանցումների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ այստեղից արտերկիր ուղարկված գումարների դրական տարբերությունը, ընդհանուր տրանսֆերտներից փոքր է լինում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ֆիզիկական անձին արտերկրից ուղարկված գումարը առեւտրային նպատակներով է լինում: Իհարկե, լինում էին նաեւ դեպքեր, երբ հակառակը` ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքն էր ավելի մեծ լինում, քան ընդհանուրը: Ինչը ենթադրում էր, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից առեւտրային նպատակներով շատ գումար է արտերկիր փոխանցվել:
Եվ ահա ՀՀ ԿԲ-ն վերցրել եւ այս տարվա մարտի տրանսֆերտների վերաբերյալ վիճակագրությունից հանել է ոչ ֆիզիկական անձանց անունով ոչ առեւտրային փոխանցումների տվյալները: Բայց որպեսզի այդ հանգամանքը միանգամից նկատելի չդառնա, փոխարենը տրանսֆերտների վերաբերյալ վիճակագրություն են դրել` դրամով արտահայտված: Այլ կերպ ասած՝ նույն տվյալները մի ցանկում ներկայացված են դոլարով, մյուսում` դրամով: Իհարկե, առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե ՀՀ ԿԲ-ն ինչու է նման քայլի գնացել: Ի վերջո, բոլորին է հայտնի, որ վերջին մեկուկես տարում տրանսֆերտների ծավալները գնալով նվազում են, եւ այս դինամիկայի փոփոխության նախադրյալներ, կարծես թե, չկան: Ստեղծված իրավիճակի պատճառն էլ Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված ծանր կացությունն է: Այսինքն՝ մեծ հաշվով ՀՀ իշխանությունները, այդ թվում նաեւ կենտրոնական բանկի ղեկավարությունը ցանկացած պահի կարող են ասել, որ դրանում իրենք մեղավորություն չունեն: Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 38 մլն 94 հազար դոլար` անցած տարվա նույն ամսվա 51 մլն 240 հազար դոլարի դիմաց:
Կասկածից վեր է, որ ԿԲ-ն նման քայլի գնացել է եւ ավելի քան տասը տարի վիճակագրական տվյալներ հրապարակելու ձեւը փոխել է՝ ինչ-որ կարեւոր հանգամանք թաքցնելու համար: Ըստ ամենայնի` ՀՀ ԿԲ-ն ոչ առեւտրային տրանսֆերտների վիճակագրությունը չհրապարակելով փորձում է թաքցնել այն փաստը, որ Հայաստանից կապիտալի հոսքը դեպի Ռուսաստան շարունակում է աճել: Բանն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունում 2014 թվականի աշնանից սկսված ճգնաժամի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը 2015-ին նախընտրեց մնալ Հայաստանում: Սակայն այս տարվա սկզբից արտագնա աշխատանքի մեկնողները սկսել են ընտանիքներով ճանապարհ ընկնել: Նրանց մեծ մասը համոզված է, որ ի տարբերություն Հայաստանի՝ իրենք Ռուսաստանում կկարողանան գոնե այնքան գումար վաստակել, որպեսզի իրենց ընտանիքի հետ գոյատեւեն: Այսինքն՝ ՀՀ ԿԲ-ն եւս, ի վերջո, պատել է պաշտոնական վիճակագիրներին համակած իրականությունն ամեն կերպ թաքցնելու «հիվանդությունը»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵ՞Լ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի կողմից ապրիլի 20-ին ակտ է կազմվել: Ըստ որի՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելու համար Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանին նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Եւ Վահագնաձորի գյուղապետը 150 հազար դրամ տուգանքը պետք է վճարի պետական բյուջե անձնական միջոցներից` 15-օրյա ժամկետում: Նա տեղի ունեցածի առնչությամբ ասաց. «Չեմ կարող ասել, թե դա ինչ հարց է, թող կոպիտ չհնչի, բայց դա մի աննորմալ հարց է, որը որ սարքած գործ է: Դրսից է սարքվել, բայց որ գործը եկել, հասել է մարզպետարան, իրենք էլ պարտավոր էին տուգանել»: Իսկ թե ով կամ ովքեր են իր` գյուղապետի գլխին գործ սարքել, Եղոյանը հրաժարվեց ասել:

 

 

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը: Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստթղթերի վերականգնման գործընթացի մեջ: «Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,- ասաց մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»: Իսկ, ահա, այս տարվա մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը:

 

 

ՈՒՍՄԱՆ  ԾԱՐԱՎ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետեւում, «թռել» է ԱՄՆ: Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: 33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ է եղել, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնը թողել եւ մեկնել է ԱՄՆ` Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու: Շատ հայրենասեր որոշում:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին ընդլայնվել եւ հարստացել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար:

 

 

ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ նամակներ ու տեղեկատվական նյութեր է ուղարկել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:

 

 

ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

 

ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
ArmLur.am-ի տեղեկացմամբ` երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչության բողոքը: Ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի տան վրա նռնակ նետողը չի կալանավորվի:

 

 

ԽՈՒԼՈՒՀԱՄՐԵՐՈՎ
«Մենք մի քանի անգամ նայել ենք Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ տեսանյութը, եւ բարձրաձայն հայհոյանք այդտեղ չենք լսել»: Երեկ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը` նշելով, թե իրենք եկել են այն եզակացության, որ ակնհայտ, աներկբա հայտարարություն չի եղել, քանի որ հայհոյանքի այդ մասն արձանագրված չէ: «Բայց մենք գտնում ենք, որ Փայլակ Ֆահրադյանը եւս չի պահպանել կոռեկտությունը: Այդուհանդերձ, գտնում ենք նաեւ, որ պատգամավորը պետք է հարգալից վերաբերվի բոլոր այն մարդկանց հետ, ում հետ շփվում է», – ասել է Հարությունյանը:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՉՈՎ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների մտահոգությունը թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով: Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայի մեջլիսում եւ սահմանադրական հանձնաժողովում Փայլանը ենթարկվել է ֆիզիկական բռնությունների ու սպառնալիքի, որն ինքը` պատգամավորը, որակել է որպես «Լինչի դատաստան տեսնելու փորձ»: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը դեսպան Ջոն Բասին ուղղված նամակում հիշեցրել է, որ տարիներ առաջ էլ ԱՄՆ ղեկավարությունը որեւէ մտահոգություն չհայտնեց Հրանտ Դինքի անվտանգության հետ կապված, թեպետ իրենք բազմիցս բարձրացրել էին այդ հարցը:




Լրահոս