ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի ձերբակալման պատմությունը ավելի մեծ աղմուկ բարձրացրեց, քան կարելի էր ենթադրել: Ինչպես երեւում է՝ այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի:

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետեւ կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ շորթման կասկածանքով ձերբակալված Անին քննության ընթացքում ասել է, որ պատրաստ է տալ այն բոլոր պաշտոնյաների անունները, որոնք իր հետ համագործակցել են, եթե իրեն ազատ արձակեն:
Այն, որ ՀՀ օրենքներից դուրս աշխատող, երբեմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կայքերը հիմնականում եղել են գործիքներ ինչ-որ մարդկանց ձեռքին՝ իրենց քաղաքական կամ բիզնես հակառակորդներին ոչնչացնելու համար, վաղուց հայտնի իրողություն է: Այդ կայքերը լրատվական գործունեություն չեն իրականացնում, նրանք զբաղված են լրատվական «տեռորով», եւ ասել, որ այստեղ խոսք է գնում լրագրողների իրավունքների կամ լրագրողական աշխատանքի մասին, մեղմ ասած, չի ստացվի: Ու չի բացառվում, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնականի ձերբակալումը այս երեւույթի դեմն առնելու դրսեւորումներից մեկն է:
Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ պաշտոնյաներ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ համագործակցել են, «վերաբերմունքի» դիմաց մրցանակներ են ստացել, հրճվել ինչ-որ տեղեկությունների հրապարակմամբ: Լրատվական «կուրատորները» այս կայքի միջոցով PR են արել իրենց «կլիենտներին» եւ այլն:
Երբ պատգամավոր Ուրիխանյանը ԱԱԾ-ին իր դժգոհությունը հայտնելուց հետո նաեւ գրավոր հաղորդում ներկայացրեց 6-րդ վարչություն, ոստիկանությունը հաղորդման եւ իրավապահ մյուս կառույցի կողմից ստացված ցուցումի հիման վրա հաջողությամբ իրականացրեց շորթման օպերացիան՝ տեղում ձերբակալելով դերակատարներին, գործը անմիջապես տեղափոխվեց արդեն ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացվի այնտեղ: Սովորաբար իր օպերատիվ հաղորդագրություններով աչքի ընկնող կոմիտեն արդեն 3-րդ օրն է՝ որեւէ տեղեկություն չի տրամադրում այս գործի մասին: Ու այդպես էլ անհասկանալի է՝ ցուցմունք տվե՞լ են Անին ու Վարդը, ընդունե՞լ են իրենց մեղքը, թե՞ համարում են, որ ապօրինի են անազատության մեջ, եւ, ամենակարեւորը, նրանց կալանավորելու միջնորդություն քննչական մարմինը ներկայացնելո՞ւ է, թե՞ ստորագրությամբ ազատ կարձակվեն:
Այս հարցերի պատասխանը ստանալու փոխարեն ապրիլի 4-ի երեկոյան «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել էր ՀՀ քննչական կոմիտեից եւ երեկ որոշել է ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Ինչո՞ւ:
Ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեում լրագրողի շորթման գործը մտել է փակուղի, քանի որ, մեզ հասած տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ են տվել ցուցմունք չտալ՝ հայտնելով, թե բավարարվեք միայն ներկայացված հաղորդմամբ, որը հիմք է քրգործի քննությունը շարունակելու համար: Ցուցմունք տալուց հրաժարվելու խորհուրդ է տրվել նաեւ կայքի աշխատակիցներին: Եւ եթե ամեն ինչ գնա գծված այս սցենարով, Անիի եւ Վարդի ձերբակալման ժամկետը կլրանա այսօր, եւ քննչական մարմինը ստիպված կլինի նրանց ազատ արձակել:
Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու քանի որ այս սցենարը համաձայնեցված չի եղել ՀՀ գլխավոր դատախազության հետ, գործն այլ ընթացք ստացավ, եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշեց այն կոմիտեի ձեռքից վերցնել: Սա նշանակում է, որ դատախազությունը հերթական անգամ չվստահեց ՀՀ քննչական կոմիտեին: Չի բացառվում, որ գլխավոր դատախազի չվստահելը կապված է այն հանգամանքի հետ, որ Անի Հովհաննիսյանը կարող էր այնպիսի անուններ տալ կոմիտեում, որոնք իրավաբանորեն չէին արձանագրվի:
Տպավորություն է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ սկզբունքային է, բայց վաղ է նման համոզմունք հայտնելու համար, քանի որ դատախազի հետեւողականությունը կարծես թե սկսվում եւ ավարտվում է միայն այս գործով: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում բազմաթիվ կայքեր կան, որոնք լրատվական գործունեության անվան տակ պախարակում են լրագրողի անունը եւ զբաղված են նույն գործունեությամբ, ինչում կասկածվում է analitik-ը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ բոլորն այդ մասին խոսում են, բայց որեւէ բարձրաձայնում իրավական ընթացք չի ստանում:
Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք «ձեռքի հետ» կայք են պահում եւ ապականում են լրատվամիջոցների անունը: Կան գործարարներ, որոնք կայքեր են պահում իրենց մասին իրական լրագրողների կողմից արված հրապարակումներից հետո այդ լրագրողներին «տոպկելու», վարկաբեկելու համար: Հեռու չգնանք, հենց Տիգրան Ուրիխանյանը եւս կայք ունի xnews.am անունով, որտեղ հատուկ պատվերով վարկաբեկվում են այն լրատվամիջոցների լրագրողներն ու խմբագիրները, ովքեր համարձակվում են քննադատել վիճելի անցյալ ունեցող Ուրիխանյանին: Ինչո՞ւ չի պատժվում նաեւ նույն Ուրիխանյանը, միայն այն պատճառով, որ նրա մորաքրոջ որդին ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյա՞նն է:
Այսօր կայքեր ունեն մարդիկ, որոնք լրագրության հետ ընդհանրապես կապ չունեն, պարզապես հասկացել են, որ այս դաշտը պարարտ հող է՝ փող աշխատելու համար: Կոռումպացված պաշտոնյաներին վախեցնելով, շանտաժ անելով՝ շատ շատերը կարճ ժամանակում հարստացել են, շքեղ ավտոմեքենաներ են գնել ու անպատիժ են: Եւ այս համատեքստում ստացվում է, որ Անին ինչ-որ տեղ սխալվել է, ճիշտ մարդկանց հետ չի «գործ բռնել», դրա համար էլ պատժում են: Այնպես որ, եթե իսկապես Գեւորգ Կոստանյանի նպատակը լրատվական ապականած դաշտը մաքրելն է, ապա գործընթացը կարելի է լավ նախադեպ համարել: Բայց միայն երիտասարդ Անիին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳՈՐԾԻՔ ԴԱՐՁԱՎ
2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն, քաղաքապետի ընտրություններում 25/09 ընտրատեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Կարենն ու Մհերը այդ օրը, ժամը 10:40-ի սահմաններում, թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասի մոտ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք:
Ավելին՝ Ավանեսյանը նկարագրել էր, թե ինչպես են ծեծել իրեն. «Ես ինձ համար կանգնած էի, ինձ մոտեցավ ջիպ մեքենա, ապակին իջացրեց, Սասուն Միքայելյանն էր՝ մյուս թեկնածուն, հայհոյեց, բնականաբար, ես պատասխանեցի, դուրները չեկավ: Երեք հոգի դուրս եկան մեքենայից, Սասուն Միքայելյանը, Կարենը, Մհերը, հարձակվեցին վրես: Ընթացքում եղան հարվածներ, դե, բնական է, կռվի մեջ փլավ չեն բաժանում: Փախա… Նրանցից մեկը՝ Մհերը, հետվիցս խփեց, ընկա, կանայք, տղամարդիկ ամոթանք տվեցին, որովհետեւ կռվող մարդը երեք հոգով մեկ հոգու վրա չի հարձակվում»:
Այս հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք Ավանեսյանին ծեծել են, եւ նա ստացել է վնասվածք: Արդյունքում պարզվել էր, Ավանեսյանը խաբել է, նրա մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Իսկ երբ իրավապահները կանչել էին հերթական անգամ հարցաքննության, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս են Սասուն Միքայելյանի կողմնակիցները ծեծի ենթարկել իրեն, բայց որեւէ վնասվածք չկա, Ավանեսյանը, երբ հասկացել է, որ գործը լրջանում է, Արամ Դանիելյանն էլ իրեն «անտեր է» թողել, սկսում է կատարվածը կտուրը գցել` ասելով, թե իրականում Սասուն Միքայելյանը եւ այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել:
Հրազդանի քաղաքապետի թիմակիցը սուտ է խոսել՝ նախապես իմանալով այդ մասին: Իսկ քրեական օրենսգիրքը ունի հատուկ հոդված՝ սուտ մատնության մասով: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Մաթեւոս Ավանեսյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին: Արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` հանցագործության մասին սուտ մատնություն տալը պատժվում է ազատազրկմամբ երկու տարի ժամկետով:
Հիմա կա՛մ պետք է Մաթեւոս Ավանեսյանը կալանավորվի եւ 2 տարի անցկացնի բանտում՝ Սասուն Միքայելյանի եւ նրա թիմակիցների վրա «շառ անելու» համար, կա՛մ էլ պետք է իրավապահներին հայտնի, որ Սասուն Միքայելյանի սուտ մատնություն անելու հրահանգը տվել է քաղաքապետ Արամ Դանիելյանը: Այս դեպքում Ավանեսյանի արարքը գուցե փոքր-ինչ մեղմանա, բայց ամեն դեպքում, Միքայելյանի «վրա գրելը» ծանր կնստի Մաթեւոս Ավանեսյանի վրա, քանի որ նրան «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնից անմիջապես պետք է հեռացնեն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղաքական այն գործիչները, որոնք կարծում էին, որ պետք է համախմբվել ու աջակցել վարչախմբին՝ հույս ունենալով, որ վերջինս դասեր կքաղի քառօրյա պատերազմից, չարաչար սխալվում են: Դրա վկայությունն է Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, ապրիլի 22-ին երիտասարդների արդարացի պահանջի նկատմամբ ոստիկանական ուժերի անհամաչափ ու անտրամաբանական գործողությունները, եւ վերջապես ընտրական օրենսգրքի Աժ-ում, այսպես կոչված, քննարկումը եւ քվեարկությունը, երբ ընդդիմությանը մեղադրեցին ադրբեջանցիների շահերը սպասարկելու մեջ, այն դեպքում, երբ վարչախումբը շուրջ 20 տարի իր գործելաոճով սպասարկել է թշնամու շահերը»: Կուսակցությունը նաեւ առաջարկել է՝ 1. Անհապաղ կազմակերպել եւ իրականացնել բանակի զինում նորագույն զինտեխնիկայով` առաջին փուլում 500 միլիոն դոլար՝ ի հաշիվ վերջին տարիներին հանրապետությունից դուրս հանված շուրջ 10 միլիարդ դոլար միջոցների: 2. Ընդունել որոշում` ոստիկանական զորքերը լուծարել եւ պայմանագրային հիմունքներով տեղափոխել պաշտպանության նախարարության համակարգ: 3. Լուծարել ռազմական ոստիկանությունը եւ ռեսուրսները տեղափոխել պաշտպանական համակարգ: 4. Ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության առաջարկությամբ ձեւավորել ժողովրդի վստահության կառավարություն:




Լրահոս