Ինչ եմ փոխանցել, ինչ եմ արել, պետք չի դրա մասին բարձրաձայնել. Հրայր Թովմասյանը` Արցախին փոխանցած երկու հազար դոլարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով նախաձեռնում է հաշվեհամար բացել` հրահանգելով ԱԺ մոտավորապես 800 աշխատակիցների յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցել այդ հաշվեհամարին: ԱԺ-ում կասկածներ կան, որ նա իր անունով է ֆոնդ բացել ու չի ասում, թե աշխատակիցները որքան ժամանակ պետք է իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցեն այդ ֆոնդին:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:

-Պարո՛ն Թովմասյան, Դուք Ազգային ժողովի մոտ 800 աշխատակիցների հրահանգել եք գրավոր համաձայնություն տալ, որ իրենց աշխատավարձերի 1 տոկոսը փոխանցվի Ձեր անունով բացված հաշվեհամարին: Ինչո՞ւ է հենց Ձեր անունով բացվել:

-Չի կարող իմ հաշվեհամարով բացվել: Այս պահին քննարկվում է դրա ձեւաչափը: Դա կարող է լինել հիմնադրամ, կարող է լինել արմիության միջոցով, բայց, ամենայն հավանականությամբ, կլինի հիմնադրամ, որտեղ հոգաբարձուների խորհուրդը կլինի յուրաքանչյուր ֆրակցիայից մի հոգի, միգուցե մի հոգի էլ աշխատակազմից: Մեկ ֆիզիկական անձի անունով, բնականաբար, չի կարող բացվել:

Դրա մասին եղել է հայտարարություն: Գագիկ Մելիքյանը ելույթ է ունեցել, հայտարարություն է արել, որից հետո խմբակցությունների ղեկավարները միասին քննարկել են, եւ նման որոշում է կայացվել:

-Պատգամավորները ե՞ւս պարտավորվել են գումար փոխանցել Արցախում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:

-Կարող եմ ասել, որ եղել են պատգամավորներ, որ ցանկացել են՝ շատ ավելի մեծ տոկոս գումար փոխանցվի, բայց քննարկման արդյունքում որոշվել է, որ մինիմալը լինի: Սա լավ պրոցես է, որ պետք է արվի, որովհետեւ այդ մարդիկ, անկախ պետությունը ինչ կանի, պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու հոգածության ներքո: Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ նաեւ այլ կազմակերպություններ, մասնավորապես հանրային ռադիոն, իրավաբանական գրասենյակը, իրենք եւս դիմել են եւ խնդրում են հասկանալ, թե այդ մեխանիզմները ինչպես անեն, ինչպես ամբողջը կազմակերպվի, ինչպես դա արվի:

Կարծում եմ, որ սա պետք է վարակիչ լինի մնացած կառույցների, կազմակերպությունների համար: Վերջին հաշվով այդ մարդիկ կյանքն են տվել, իսկ այս պրոցեսը ենթադրում է աշխատավարձի 1 տոկոսը, դրանք ընդհանրապես անհամադրելի են: Սա բարեգործություն չի, բարեգործները այն մարդիկ էին, որոնք հնարավորություն տվեցին այսօր մեզ հանգիստ զրուցել, գնալ տուն, մեր երեխաների հետ շփվել:

Բոլորի առջեւ պետք է գլուխ խոնարհել, եւ այս պրոցեսը իր մեջ բավականին նուրբ էլեմենտներ ունի դրա կազմակերպման առումով, չի ենթադրում զուտ ֆինանսական ինչ-որ մի գումար նրանց փոխանցել: Այսինքն՝ նրանց տուն ամեն ամիս պատգամավորների այցելությունները, միջոցառումները, նրանց մասնակից դարձնելը այս կառույցում կազմակերպվող միջոցառումներին. սա չասեմ ամենօրյա, բայց մշտական պրոցես պետք է լինի:

-Փաստորեն, գումարը պատադիր կերպով պետք է փոխանցվի, այլ ոչ կամավոր: Ինչո՞ւ:

-Նման բանը չի կարող պարտադիր լինել, ոչ ոք չի կարող նման բան պարտադրել: Բայց եթե ես հետեւեմ կամ իմանամ, որ ինչ-որ մեկը չի ցանկացել, ես ոչինչ չեմ անի, պարզապես ինձ համար տարօրինակ կլինի նման երեւույթը:

-Իսկ ե՞րբ այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի, ե՞րբ կսկսեն գումարներ փոխանցել:

-Մինչեւ այս բոլոր հարցերն իրենց լուծումները չստանան, այդ պրոցեսը չի սկսվի:

-Իսկ որքա՞ն ժամանակ պետք է շարունակեն գումար փոխանցել:

-Միշտ: Քանի այստեղ աշխատում են, միշտ է դա լինելու:

-Մեր տեղեկություններով՝ Դուք, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գնալով Արցախ, կառավարությունում սեղանին եք դրել Ձեր մեքենայի բանալիներն ու 2000 հազար դոլոր գումար՝ նշելով, որ այսքանը կարող եք տալ: Բա Ձեր աշխատավարձից ինչքա՞ն մաս եք փոխանցել կամ փոխանցելու:

-Չի կարելի այդ մասին խոսել: Ով է ինչ արել, ինչի համար է արել եւ այլն: Այդ մասին չեն բարձրաձայնում: Երբ Համբուրգում մի եկեղեցու ամենավերեւի հարկում էի, գերմաներենով գրված էր, որ համբուրգյան ծագումով մի նյույորքցի գործարար այս եկեղեցու վերանորոգմանը նվիրաբերեց 3 թե 4 մլն եվրո, բա ասում էինք՝ ինչու անուն-ազգանուն չկա, ասում էին, որ նա չի ուզել որ այդ ամբողջը գրվի:

Այսինքն՝ նման բարեգործությունը, աջակցությունը գովելի է, բայց չի կարելի խոսել այդ մասին: Ինչ եմ փոխանցել, ինչ եմ արել, պետք չի դրա մասին բարձրաձայնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս