ԳԱԶԻ ԳԻՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ Է, ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԽՈՇՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական գազի սակագնի հաշվարկներից տեղեկանում ենք, որ ջերմային էլեկտրական կայանների, գազալիցքավորման կայանների, արդյունաբերական ձեռնարկությունների գազի գնի մի մասը բնակչությունն է ֆինանսավորում: Առաջին հայացքից անհնար թվացող այս փաստն ի հայտ է գալիս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախօրեին հրապարակած տվյալներից:

Այսպես՝ ըստ ՀԾԿՀ-ի հրապարակած տվյալների՝ «Գազպրոմ-Արմենիան» գալիք մեկ տարում նախատեսում է Ռուսաստանից ներկրել 1 միլիարդ 856 միլիոն 414 հազար խորանարդ մետր բնական գազ: Նախատեսվում է, որ գազի դիմաց վճարվելու է հազար խորանարդ մետրը 150 դոլար սակագնով: Բնական գազի միջազգային շուկայում տիրող իրավիճակում նման պնդումը արդեն իսկ չհիմնավորված է: Սակայն մինչ գազի ներկրման խնդրին անդրադառնալը, նախ ներկայացնենք ներկրված գազի բաշխման եւ սակագնի հաշվարկման հետ կապված խնդիրները: Տեղեկացնենք, որ բերված թվերը վերաբերում են առաջիկա մեկ տարվան:
Այսպես՝ ներկրված գազից 124 մլն 110 հազար խորանարդը նախատեսվում է, որ ծախսվել է համակարգի կորուստների վրա: Բնական գազի օգտակար առաքումը կազմելու է 1 միլիարդ 721 մլն 873 հազար խորանարդ մետր:
Տեղեկացնենք, որ բնակչության ծախսը կազմելու է 527 մլն խորանարդ մետր: Մնացած գազից 78 մլն 670 հազար խորանարդ մետրը սպառելու են մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդները, կամ այլ կերպ ասած՝ փոքր ձեռնարկություններն ու գազալցակայանները: Սպառողին մատակարարվող գազի 65 տոկոսը` 1 միլիարդ 116 մլն 170 հազար խորանարդ մետրի չափով գազը, սպառելու են ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել գազ օգտագործող բաժանորդները, այս դեպքում խոսքը ՋԷԿ-երի, խոշոր գազալցակայանների, գազով գործող ձեռնարկությունների մասին է: Ինչպես նկատեցիք՝ բնակչությունը սպառում է Հայաստանում վաճառվող գազի ընդամենը 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը բաժին է հասնում ձեռնարկություններին, որոնցից 65 տոկոսը խոշորներն են, իսկ 5-ը` փոքրերը:
Եւ, ահա, ՀԾԿՀ-ի հրապարակած հաշվարկներում մի այսպիսի տող կա. «Բնական գազի վաճառքի միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), այդ թվում», որի դիմաց գրված է՝ 131 հազար 744, որը հազար խորանարդ մետր գազի հաշվարկով է: Թվում է, թե բնակչության պարագայում բնական գազի սակագինը այդ թվից ավել չի կարող լինել: Բայց, դե,ՀԾԿՀ-ն ու «Գազպրոմ-Արմենիան» հո այդքան միամիտ չե՞ն, որ թողնեն խոշոր ձեռնարկությունների գազի գնի համար նեղություն կրեն: Բնակչության սպառած գազի դեպքում առաջարկվում է հազար խորանարդ մետրի համար 146 հազար 700 դրամ: Իսկ խոշոր ձեռնարկությունների սպառած գազի համար նախատեսվում է հազար խորանարդ մետրի համար 257, 56 դոլար, որը երբ վերածում ենք դոլարի (այս փաստաթղթում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 480 դրամով), ապա ստացվում է 123 հազար 628 դրամ` հազար խորանարդ մետրը:
Այսպիսով՝ ստացվում է, որ բնակիչները վճարելու են, որպեսզի ՋԷԿ-երը, գազալցակայանները եւ մնացած ձեռնարկությունները էժան գազ ստանան: Իսկ ավելի կոնկրետ` թվերով եթե նշելու լինենք, ապա ՋԷԿ-երի, գազալցակայանների եւ մնացած ձեռնարկությունների սպառած գազի ամեն մի խորանարդի 23 դրամը վճարելու ենք մենք` սպառողներս: Այս առնչությամբ ՀԾԿՀ-ին կարելի է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով դիմել՝ սթափվե՛ք, գժուկներ…:
Իսկ ինչ վերաբերում է գազի գնման գնի խնդրին, ապա նշենք, որ ապրիլի սկզբին, երբ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի այցելության ժամանակ հայտարարվեց, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի հաշվարկով 165 դոլարից էժանացվում է 150-ի, այդ հանգամանքը ներկայացվեց իբրեւ ռուսական կողմի բարի կամքի դրսեւորում: Բայց փաստն այն է, որ Ռուսաստանն այս տարվա մարտին արդեն եվրոպական երկրներին գազը սկսել էր մատակարարել հազար խորանարդ մետրը 147 դոլարով: Ներկայումս այդ գինը նվազել եւ հասել է 140 դոլարի: Առաջիկայում ռուսական գազի գինը շարունակելու է էլ ավելի նվազել, քանի որ այս գործընթացը պայմանավորված է ԱՄՆ-ից դեպի եվրոպա սեղմված գազ արտահանելու հանգամանքով: ԱՄՆ-ից եվրոպա եկող գազի ծավալներն աստիճանաբար աճում են, ինչը ռուսական գազի գինը ավելի է գցում: Ուստի, մեկ տարվա գազի գնման գինը 150 դոլարով հաշվարկելը, մեղմ ասած, թալան է, որից հիմնական տուժողը Հայաստանի բնակչությունն է:
Հուսանք՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կվերանայի թվերը եւ կհամարձակվի չընդունել առաջարկվող գազի սակագինը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉ Է  ՕՖՇՈՐԸ
Վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձավ օֆշորային գոտում բացահայտված խախտումները: Ի վերջո, ի՞նչ է օֆշորը, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում, այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: «Ընկերությունները, ովքեր որ օֆշորում գրանցվում են, նրանց այդքան հարկերի մակարդակը չի հետաքրքրում. նրանք գաղտնիության հարցն են լուծում: Եւ եթե հիմա ուսումնասիրում եք Պանամայի գործը, թե ոնց են գրանցում այդտեղ, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր անձնավորություն Պանամա մեկնելու ցանկություններով որեւէ կազմակերպություններում գրանցելը տեւում է ընդամենը 15-30 րոպե եւ ոչ ոք չի հարցնում` ինչի՞ համար ես բացում, այդքան գումարներ որտեղի՞ց: Սա է օֆշորի հիմնական նպատակը: Այսինքն՝ անձի հետ եւ ֆինանսական գործունեության հետ կապված գաղտնիություն է ապահովում: Հատկապես միջազգային տեռորիզմի անօրինական փողերի լվացման հետ կապված խնդիրները շատ ակտուալ են դարձել, դրա կապակցությամբ էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մենք էլ ավելի ուշադրություն ենք դարձնում, որովհետեւ մեզ մոտ, օրինակ, հանքարդյունաբերության մեջ 99 տոկոսը օֆշորային գոտիներում գրանցված են, եւ եթե ցանկանաք իմանալ՝ ինչ կազմակերպություն է, ով է, այդտեղ պրոբլեմներ կունենաք, որովհետեւ մեզ հայտնի չեն լինի»:

 

 

ԱՌԱՋԻԿԱ  ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ
Ինչպես գրել էինք՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին եւ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ինչո՞ւ. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ-ից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները:
Ի դեպ, նշենք, որ ազատված գեներալներին այսօր ժամանակավոր փոխարինել են իրենց տեղակալները: Սակայն, ինչպես նկատում ենք, այսքանով հեռացումները չեն սահմանափակվի: Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկությունները կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետեւանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաները եւս առաջիկայում կազատվեն պաշտոնից:

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են հանել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները: Մասնավորապես դա վերաբերում է նշանակված փոխադրողների թվաքանակին եւ չվերթների հաճախականությանը: Մինչ այդ յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող էր իրականացնել միայն մեկական ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չէր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ նախագահը կարեւորել է անվտանգության բաղադրիչը եւ այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:

 

 

ՕԳՆՈՂՆԵՐԸ
«Մենք Ռուսաստանում, այնուամենայնիվ, շատ լարված հետեւում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Կարեւոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում»,- երեկ Ս. Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

 

 

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՀԱՆԳԻՍՏ
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակահերթեր: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

 

 

ՖՈՐՈՒՄ
Մայիսի 21-22-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀԿ նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»: Մասնակիցներին ուղերձներով կդիմեն Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին հրավիրված են ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից եւ 5՝ Լեռնային Ղարաբաղից: Միջոցառմանը մասնակցելու են նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

 

ԿԺԱՄԱՆԵՆ
Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ եւ պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-ից 26-ը կայցելի Հայաստան՝ Տավուշի մարզի եւ Օ-դը-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու եւ համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:

 

 

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայում բանակային օդուժի երիտասարդ օդաչուները լեռնային տեղանքում սկսել են գիշերային թռիչքներ իրականացնել Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներով: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մեկ ամսվա ընթացքում օդաչուները օրվա ցերեկային ժամերին լեռնային տեղանքում միջին հաշվով 150-200 ժամ թռիչքներ են կատարել առաջադրված երթուղիներով: Վարժանքները կշարունակվեն մեկ ամիս:




Լրահոս