ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹՈՎ
Օրերս ՀԱՕԿ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ կրկին նշել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով: «ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»,-նշված էր հայտարարությունում: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ՝ պարզելու ընթացակարգը՝ ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից: «Մենք պետք է անցկացնենք գործկոմի նիստ, այնուհետեւ կլինի կոնֆերանս, հասկանում եք, դա գործընթաց է, ինքը ժամանակատար է, ժամանակ է պետք, որպեսզի բոլորին այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնենք: Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, մենք այդ մասին ձեզ կտեղեկացնենք»,-ասաց Հ. Ռոստոմյանը:

ՀԻՎԱՆԴԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդների հետ դաժան են վարվում: «Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել: Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները: Չի բացառվում նաեւ բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում է մատնացույց անել իր վրա հարձակվողներին: Փորձեցինք տեղեկությունը պարզել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ տուն-ինտերնատը գտնվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ: Ու մինչ նախարար Արտեմ Ասատրյանը սահմանափակվում է այնտեղ կատարվող արտառոց միջադեպերի կապակցությամբ տնօրենին նկատողություններ անելով, տուն-ինտերնատում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին այնտեղ հիվանդներից մեկին խեղդամահ էին արել, իսկ հոկտեմբերի 7-ին էլ մեկ այլ հիվանդ իրեն ցած էր նետել պատուհանից ու մահացել:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ
Եթե Սերժ Սարգսյանի համար ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Դերո» է, ապա վերջինիս համար իր կուսակցության առաջնորդը պարզապես «ինչ-որ մեկն» է: Բանն այն է, որ երեկ՝ ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Դումանյանը, «ատկատների» մասին հարցին ի պատասխան, հայտարարել է. «Ես ասացի ո՛չ, առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա»: Իսկ դիտարկմանը, թե ինչ-որ մեկն ասում էր, որ կա, նա հակադարձել է. «Ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք` որտեղ կա: Ես խոսում եմ առողջապահության նախարարության փոխարեն, պատասխանատու եմ իմ խոսքերի համար»: Հիշեցնենք, որ «ատկատների» մասին խոսող «ինչ-որ մեկը» Սերժ Սարգսյանն էր, որը նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել էր այնտեղ առկա «ատկատների» մասին:




Լրահոս