ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԱՎԵ ՄԱՐԴԸ»՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Վերջերս Ավստրիայում կայացած «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է ոսկե մեդալի «Լավագույն պրոֆեսիոնալ» ֆիլմ անվանակարգում: Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնն ավստրիական «Նո Ֆի»-ի (UNICA) 75-րդ համաշխարհային կինոփառատոնին ներկայացրել էր եւս մի քանի հայկական ֆիլմեր: Փառատոնի արդյունքում ոսկե մեդալ է շնորհվել ռեժիսոր Ա. Վաթյանի «Կավե մարդ» ֆիլմին, բրոնզե մեդալ` Ալիկ Սարգսյանի «Ավլոս»  ֆիլմին, 3 պատվո դիպլոմ՝ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է, կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Որպես արդյունք՝ «Նո-Ֆի»-ի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ:

«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հոկտեմբերի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցութային ծրագրում հաղթող ֆիլմերը: «ՌեԱնիմանիա»-ին մասնակցել է 500 ֆիլմ 70 երկրից, սակայն փառատոնի ընթացքում ցուցադրվել է միայն 212-ը: Ժյուրին բաղկացած է եղել հայ եւ միջազգային մասնագետներից:
Եվ այսպես` Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին է արժանացել Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից:
Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի հատուկ մրցանակին է արժանացել Նաիրա Մուրադյանի «Բալետը»:
«Լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ժյուրիի հատուկ նշման է արժանացել «Ռիո 2096` սիրո եւ ցասման պատմություն» ֆիլմը:
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բուֆալո Բիլլին» ֆիլմը:
Լավագույն անիմացիոն կերպար է ճանաչվել Յունգը՝ «Հաստատված է որդեգրության համար» ֆիլմից:
«Կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացել է «Կռիվ» ֆիլմը:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ճագարաստանը»:
«Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական հոլովակ» անվանակարգում հաղթել է «Անտոնը»:
Լավագույն ավարտական անվանակարգի հաղթող է ճանաչվել «Շփոթված երեխան»:
«Լավագույն գեղարվեստական/նկարչական լուծում» անվանակարգի մրցանակին արժանացել է Բիլ Փլիմփթոնի «Դավաճանություն» ֆիլմը:




Լրահոս