Ճաշարանի պետը փորձել է գողանալ զինվորների բաժինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Լալազարի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի տնտեսական ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ նույն զորամասի «Տավուշ-1» զինավանի ճաշարանից փորձել է հափշտակել իրեն վստահված, պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված սննդամթերքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Բաղդասարյանը նշված սննդամթերքից 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին տնտեսման եղանակով ավելացած ընդհանուր 35 հազար 186 դրամի սննդամթերքը յուրացնելու նպատակով 2016թ. մայիսի 20-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, ճաշարանից այն տեղափոխել եւ տեղավորել է իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» ավտոմեքենայի սրահում:

Սակայն նա իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգայց կատարելով՝ ավտոմեքենայի զննությամբ նշված սննդամթերքը հայտնաբերել են: Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:




Լրահոս