ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՏԵՂ ՉԿԱ՞
2013թ. սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում քաղաքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ, խոսելով գործազրկության մասին, հայտարարել էր, որ մարզի Դիլիջան քաղաքում կան թափուր աշխատատեղեր, եւ նոյեմբերյանցիները կարող են գնալ այնտեղ աշխատելու:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը Դիլիջանի բնակիչներից բողոքներ է ստացել, որ Դիլիջանում նոր գործարկվող հիմնարկներում մեծամասամբ աշխատում են դրանց երեւանցի տերերի ծանոթներն ու բարեկամները, իսկ դիլիջանցիներին հիմնականում առաջարկում են հավաքարարի, աման լվացողի գործ: Զանգահարեցինք զբաղվածության Դիլիջանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Ֆլորա Մարգարյանին: Վերջինս հայտնեց, որ ներկայումս Դիլիջանում մոտ 20 թափուր աշխատատեղ կա էլեկտրիկի, տեխնիկի, ամրանագործի համար: Նա ասաց, որ Դիլիջանում ընթացող միջազգային դպրոցի  շինարարության հետ կապված՝ առաջիկայում շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր կառաջանան: Ֆ. Մարգարյանը նշեց, որ դիլիջանցիները հյուրանոցային, առողջարանային համալիրներում եւ այլ բնագավառներում մոտ 2 ամիս աշխատելուց հետո ազատվում են աշխատատեղին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:
Դիլիջանցի հասարակական գործիչ Արարատ Ալիխանյանն այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ում գրել է. «Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության համար աշխատուժ է բերվել ասիական երկրներից (ազգությունները չեմ նշում, քանի որ դա կապ չունի): Դիլիջանի կենտրոնական բանկի շինարարության ավարտից հետո շատերը կրկին արտագնա աշխատանքի մեկնեցին»:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ԿԱՐՏՈՖԻԼԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանից Վրաստան արտահանված մոտ 500 տոննա կարտոֆիլի մեջ փտում չի եղել, եւ ընդհանրապես Հայաստանում կարտոֆիլի նման հիվանդություն չկա, թեեւ վրացական կողմը հակառակն էր հայտարարել։
«Վրաստանի սահմանից հետ ուղարկված մոտ 500 տոննա կարտոֆիլը Հայաստանում արդեն սպառվել է: Այս տարի կարտոֆիլ չենք կորցնելու, մեզ կբավարարի ու դեռ մի քիչ էլ կարտահանենք»,-ասաց  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա ընդգծեց, որ մտավախություն թող չլինի, թե գյուղացիները չեն կարողանա բերքը վաճառել՝ հիշեցնելով, որ դեռ 10 օր առաջ են մարդիկ բերքահավաքը վերջացրել. «Սակայն գարնանը հնարավոր է կարտոֆիլի գների շեշտակի աճ։ Սա միակ դեպքն է, որ մոնոպոլ ոչ մի բան չկա, հայ գյուղացին է գումար աշխատում»։




Լրահոս