ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Նոյեմբերի 8-ին Իտալիայի մայրաքաղաքի Auditorium համերգային գլխավոր համալիրում մեկնարկում է Հռոմի 8-րդ միջազգային կինոփառատոնը (Festival Internazionale del Film di Roma), որը կբացվի իտալացի ռեժիսոր Ջովաննի Վերոնեզիի «Հինգերորդ անիվ» ֆիլմի ցուցադրությամբ: Մրցույթում, որում ներկայացված են համաշխարհային պրեմիերաներ,  մասնակցում է 18 ֆիլմ: Ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյը: Հռոմի միջազգային կինոփառատոնը զբաղեցնում է 5-րդ տեղը եվրոպական փառատոների շարքում` Վենետիկի, Կաննի, Բեռլինի եւ Ռոտերդամի փառատոներից հետո: Գլխավոր մրցանակը ոսկե արձանիկն է, որը պատկերում է Հռոմի խորհրդանիշին` կայսր Մարկոս Ավրելիոսին: Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 17-ը:

«ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԵՐԿՆՔԻՑ»
Բերքլիի Քալիֆորնիական համալսարանում` Դոուի անվան գրադարանում, տեղադրել են քանդակ, որը կոչվում է «Երեք խնձոր երկնքից», եւ դրա վրա պատկերված են հայկական այբուբենի տառերը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Քանդակը նվիրել է Ռիչարդ Թերզյանը` Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի 1951թ. շրջանավարտը: Ռիչարդը, ցանկանալով իրականացնել իր հանգուցյալ քրոջ երազանքը, կապ է հաստատել քանդակագործ Ջոն Վենթիմիլյայի հետ, ով Մեն նահանգում Փորթլենդի արվեստների քոլեջի քանդակագործության բաժնի վարիչն է: Նա այդ նախագծի շուրջ սկսել է աշխատել դեռ 2008-ից ու ավարտել 2012-ին: Վենթիմիլյան պատմել է, որ ուսումնասիրել է հին հայկական ձեռագրեր ու նկարներ, որպեսզի գեղեցիկ տառեր ստեղծի: Եթե ուշադիր դիտեն քանդակը, ապա ներքեւում կնկատեն նռներ:

666-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
Ամերիկացի աշակերտուհին հրաժարվել է մասնակցել մրցավազքի սատանայի թվի` 666-ի պատճառով, որը` որպես տարբերանշան, պետք է փակցնեին նրա կրծքին: Բարձր դպրոցի սան Քոդի Թեքերը պետք է մասնակցեր Կենտուկիի Ուայթլի շրջանի մարզական միջոցառմանը: Նախքան հրաժարվելը նա երկար փորձել է համոզել մրցավարներին փոխել իր թիվը, սակայն նրանք չեն ընդառաջել: Երբ միջադեպը սկանդալ է դարձել ԶԼՄ-ներում, մրցավարներն արդարացել են, թե չեն հասկացել, որ մրցույթին մասնակցելուց հրաժարվելը կրոնական դրդապատճառներ ունի:




Լրահոս