ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԵԼՈՒՅԹ
Վաղուց ի վեր ՀՀԿ-ի կցորդը դարձած եւ ընդդիմության կողմից «ՀՀԿ-ի կույրաղիք» կոչմանն արժանացած ՕԵԿ-ի ներկայացուցիչների հանդեպ արհամարհական վերաբերմունք ունեն հենց կոալիցիոն գործընկերները: Երեկ, երբ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության անունից ելույթ էր ունենում Հովհաննես Մարգարյանը, նախարարներից մի քանիսը սկսեցին միմյանց հետ ակտիվ զրուցել: Հատկապես բարձր ձայնով խոսում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, եւ Մարգարյանը ստիպված էր ընդհատել ելույթն ու խնդրել, որ իրեն լսեն: Անմիջապես միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը կառավարության ներկայացուցիչներին հորդորեց լսել պատգամավորին: Բայց իրավիճակն այնքան էլ չփոխվեց:

ՉԻ ԳՆԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը որոշել է դուրս գալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի կազմից: Իհարկե, դեռեւս հստակ չէ, թե դա երբ է լինելու, բայց որ Ջհանգիրյանն այլեւս չի ցանկանում մասնակցել նիստերին, հաստատ է:
Հիշեցնենք, որ օրերս կայացած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կրկին վիճաբանել էին: Սա այդ զույգի արդեն երկրորդ վիճաբանությունն էր:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կորյուն Նահապետյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հարցի չցանկացավ պատասխանել: Ջհանգիրյանը եւս հրաժարվեց մեկնաբանել իր հետագա քայլերը:

ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ
Երեկ համացանցում տարածվել էր կառավարության մայիսի նիստի ձայնագրությունը, որտեղ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը որպես նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին պաշտոնանկ անելու հիմք ներկայացրել էր իբր աշխատանքից ազատվելու մասին դիմում, մինչդեռ Էլոյանը որեւէ դիմում չէր գրել: Եվ կառավարությունն էլ, հավատալով Վարդանյանի խոսքին, համապատասխան որոշում էր կայացրել: Երեկ խորհրդարան եկած Յուրի Վարդանյանին «Ժողովուրդ»-ի թղթակիցը խնդրել է մեկնաբանել տեղի ունեցածը, այնուհետեւ հարցրել, թե որքանով է ազնիվ կառավարությանը մոլորության մեջ գցելը: Սակայն նախարարը բոլոր հարցերին պատասխանել է նույն նախադասությամբ. «Ես հարցերի չեմ պատասխանում»:




Լրահոս