«Ոսկե զավակներին» տեղավորելու երեւույթը թափանցել է Հայաստանի բոլոր ոլորտներ: Արդյունքում պաշտոնները սկսել են նաեւ «ժառանգել»: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի պաշտոնը արդեն մի քանի տարի է՝ զբաղեցնում է Արմեն Գաբրիելյանը, որը ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի որդին է: Գաբրիելյան կրտսերը իր ներկայիս պաշտոնում փաստացի փոխարինել է իր հորը: «Ժողովուրդ»-ը Դերենիկ Գաբրիելյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ հենց իր որդին է իր նախկին պաշտոնում նշանակվել, եւ արդյոք դրան նպաստել են իր մտերիմ հարաբերությունները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ինքը (Արմեն Գաբրիելյանը,- խմբ.) սկզբից աշխատել է բանվոր, բռնցքամարտով է պարապել, բարձր արդյունքների չհասավ եւ որոշեց զբաղվել մանկավարժությամբ: Ինչպես օրենքն է պահանջել, մասնակցել է մրցույթի, անցել է համապատասխան կուրսեր, հանձնել է քննություններ եւ շահել: Իհարկե, չի նպաստել (Գագիկ Ծառուկյանը,- խմբ.): Ես այնպիսի ճանապարհ եմ անցել, եթե իմ զավակը լինի ոչ արժանի այս պաշտոնին, եւ ես զգայի, որ նա իր պարտականությունները ճիշտ չի կատարում, առաջինը ես դեմ կքվեարկեի»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը: Հենց խնդիրն էլ այդ է, որ Հայաստանում «ամենաարժանները» պաշտոնյաների զավակներն են, դա է պատճառը, որ հայ երիտասարդներն օտար երկրներում են իրենց տեղն ու դերը փնտրում:
Հայաստանի ուսումնական հաստատություններն այսօր վերստին կբացեն դռները իրենց սաների առջեւ: Մոտ 40 հազար երեխա այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի Հայաստանում: Իսկ թե քանի դպրոց այլեւս իր դռները չի բացի աշակերտ չունենալու պատճառով, քանի գյուղ գեթ մեկ առաջին դասարանցի չի ունենա, այս մասին պաշտոնական մարմինները համեստորեն լռում են: Ճիշտ էլ անում են: Նրանք բոլորը ընդհանուր համակարգի մասն են կազմում, որի գործունեության արդյունքում էլ Հայաստանում մեկը մյուսի ետեւից դպրոցները փակվում են: Այդպիսի համայնքներից է ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքը, որի դպրոցը փակվել է առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Մնացած աշակերտներն էլ հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում եւս դպրոցը փակվել է, մինչդեռ տարիներ առաջ այս համայնքը 400 աշակերտ է ունեցել: Արմավիրի մարզի Կողբավան համայնքը մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Շիրակի մարզի Լեռնագյուղն էլ 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ դպրոց:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից Հայաստան ուղարկված գումարը եղել է 89 միլիոն 229 հազար դոլար: Անցած տարվա նույն ամսին Հայաստան ուղարկված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 114 միլիոն 740 հազար դոլար: Փաստորեն, տրանսֆերտները այս տարվա հուլիսին եւս շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Ի դեպ, այս տարվա յոթ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 343 միլիոն 332 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ 2015 թվականի յոթ ամիսների արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 447 միլիոն 116 հազար դոլար, իսկ 2014 թվականին` 695 միլիոն 763 հազար դոլար: Ստացվում է՝ մեկ տարվա կտրվածքով տրանսֆերտները նվազել են 103 միլիոն 784 հազար դոլարով, իսկ երկու տարվա կտրվածքով անկումը եղել է կրկնակիից ավել: Նկատենք, որ այս գումարների պակասությունով է պայմանավորված Հայաստանի տնտեսության օրըստօրե վատթարացող վիճակը եւ սպառողների աղքատացումը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց: «Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը: «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել: Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լեւոն Երանոսյանի եղբայրն էր` Լեռնիկ Երանոսյանը, որին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատեց աշխատանքից: Նա անձամբ էր նռնակ նետում ցուցարարների եւ լրագրողների ուղղությամբ:
«ՎԱՍՏԱԿԱԾ» ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ
Նախօրեին ռուսական «Լայֆ» պարբերականը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող «Երեւանի ՋԷԿ»-ը ռուսական «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Վերջին տարիներին ՀՀ էներգետիկ համակարգը «խժռած» «Գազպրոմին» այս նոր պարտքի գոյացումը, մեղմ ասած, տարակուսելի է, քանի որ ընդամենը 2013թ-ի դեկտեմբերին կնքված խայտառակ գազային պայմանագրով հայկական կողմը մինչ օրս չպարզաբանված հանգամանքներում գոյացած 300 մլ դոլար պարտքի դիմաց ռուսական ընկերությանը փոխանցեց ՀՀ ունեցած վերջին՝ 20% բաժնեմասը «Հայռուսգազարդում», որից հետո այլեւս 100 տոկոսով ՌԴ-ի սեփականություն հանդիսացող ընկերությունն անվանափոխվեց «Գազպրոմ Արմենիա»: Եւ, ահա, հիմա եւս 52,3 միլիոնանոց պարտքի գոյացման մասին տեղեկատվությունը ուղղակի արդեն ծաղրի է նմանվում մեր բոլորիս՝ ՀՀ օրինապաշտ հարկատուներիս նկատմամբ:
Երեկ «Ազատության» հարցերին ի պատասխան, թե որտեղից, ինչպես է գոյացել այդ պարտքը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն «աչքալուսանք» է տվել՝ ասելով, թե «Երեւանի ՋԷԿ»-ը այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է ոչ թե 52,3, այլ 33.8 մլ դոլար: Մնացած մոտ 20 մլ դոլարը, ըստ նախարարի, մարվել է Համաշխարհային բանկից վերցված վարկի հաշվին: Ասել է թե՝ մեծ հաշվով ՀՀ մի կառույցից պարտքով գումար է վերցրել մեկ այլ կառույցին ունեցած պարտքը մասնակի մարելու նպատակով: Իսկ «Գազպրոմին» ունեցած պարտքի մնացած մասը, ըստ Յոլյանի, նախատեսված է ամբողջությամբ մարել մինչեւ 2017 թ. օգոստոսի 1-ը:
Պարտքի մարման շուրջ այս խուճուճ բացատրություններին զուգահեռ՝ Յոլյանը հարկ է համարել հայտարարել, որ այդ պարտքը գոյացել է դեռեւս իր պաշտոնավարումից առաջ՝ այդպիսով իրեն դուրս դնելով դրա գոյացման համար պատասխանատվությունից: Թե որքանով է նորմալ, երբ այս կամ այն պաշտոնյան իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրները բացատրում է իր ստացած վատ ժառանգությամբ, այլ հարց է: Այստեղ էականն այն է, որ Յոլյանը խոսում է համակարգում առկա լրջագույն թերացման մասին, որի արդյունքում գոյացել է հսկայական՝ 52,3 միլիոն դոլարի պարտք, եւ դա, փաստորեն, տեղի է ունեցել 2014թ-ից մինչեւ 2016 թթ ընկած ժամանակահատվածում: Հարց է առաջանում՝ իսկ ով էր այդ փուլում Էներգետիկայի նախարարը, եւ ինչու ՀՀ դատախազությունը նրան շատ կոնկրետ հարցեր չի ուղղում:
Իսկ ՀՀ էներգետիկ համակարգի պատասխանատուն այդ փուլում ոչ անհայտ Երվանդ Զախարյանն է, որը տարիներ շարունակ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելուց եւ սկանդալային պատմություններում հայտնվելուց հետո /սկսած «մազութի գործից», ավարտած Երեւանի կենտրոնի այլանդակմամբ, եւ ինչպես պարզվեց՝ էներգետիկ համակարգում ստեղծած խայտառակ վիճակով/ առոք-փառոք գնաց թոշակի՝ վայելելու վաստակած միլիոնները: