Եթե արմատական փոփոխություններ չլինեն, ապա ամեն ինչ PR ակցիաների շրջանակում է. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

– Պարո’ն Մարտիրոսյան, Կարեն Կարապետյանի գործելաոճը և վարած կադրային քաղաքականությունը իրական գործելաոճի հիմք ընդունո՞ւմ եք:

– Կադրային փոփոխությունները կարող են լուծում լինել այն դեպքում, երբ համակարգը նորմալ աշխատում է, արդյունավետ է: Բայց, երբ կառավարման համակարգն ամբողջովին անարդյունավետ է, մեթոդաբանությունը ոչ թե քաղաքացիներին է ուղղված, այլ իշխանությունն անընդհատ պահելուն, ապա կադրային քաղաքականությունը ոչինչ չի կարող տալ: Կարեն Կարապետյանը ռուսական կազմակերպության ներկայացուցիչ է, այս վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանում ճնշման քաղաքականություն է վարում, ուստի ակնհայտ է, որ չի կարող Հայաստանում արմատական փոփոխություններ լինել Կարեն Կարապետյանի` վարչապետ եղած ժամանակ, ինչ կադրեր էլ որ լինեն:
Ես կարծում եմ, որ Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու համար մի քանի կետեր են անհրաժեշտ կյանքի կոչել, օրինակ` իշխանափոխություն: Հայաստանում պետք են անկախ դատարաններ, շատ կարևոր է նաև ազատ տնտեսական-քաղաքական դաշտ ունենալը: Մնացած ամեն ինչը ժամանակ շահելու, PR ակցիաների շրջանակում է:

– Կարծես Կարեն Կարապետյանի համար կուսակցական պատկանելությունը կապ չունի և նշանակված կադրերը ՀՀԿ չեն:

– Կուսակցական պատկանելությունը կապ չունի, խնդիրը դա չէ, այլ համակարգի մաս լինելը: Համակարգը տարբեր ղեկավարներ է ունեցել, այժմ միանձնյա որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը: Խորհրդարանում մեծամասնությունն այն մարդիկ չեն, ովքեր մեծամասնության վստահությունը չունեն: Կարող էր ամբողջ կառավարությունը կազմված լիներ ընդդիմությունից, բայց կրկին այն ոչինչ չէր կարող անել:

– Իսկ ինչքանո՞վ է արդարացված այսքան նախարարությունների գոյությունը:

– Խնդիրն այստեղ ևս թիվը չէ: Իհարկե, օպտիմալացման կարիք կա նաև կառավարման համակարգի: Իշխանություն բերել և հաստիքներ են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր իշխանությունների համար պետք է կեղծիքներ կատարեն, խնամիներ, բարեկամներ, ուստի և ակնհայտ է, որ այդ կրճատումներն անհրաժեշտ են: Բայց, եթե մենք ունենանք նույնիսկ չորս նախարարություն, մեթոդաբանությունը, միևնույն է, չի փոխվում:  Էական չէ, թիվը, էական չէ կոմիտե է, թե նախարարություն, էական է` արդյունավետ են գործում, թե ոչ:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս