Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:
Նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը խորհրդի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինչպես տեղյակ եք, արդեն հաստատվել է կառավարության նոր ծրագիրը, որի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առաջիկայում արդեն իսկ արդյունքներ ունենանք: Մենք արդեն սկսել ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, և մեզ համար շատ օգտակար կլինեն ձեր առաջարկություններն ու գաղափարները այդ ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ», – ողջունելով խորհրդի անդամներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԱԱՀ «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանն իր զեկույցում առաջարկություններ է ներկայացրել ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ: Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ կոոպերացումը շարունակական և տնտեսական կարևոր գործընթաց է, որի կայունության ապահովմանն ու աջակցությանը ներկայումս ուղղված է պետության նպատակային քաղաքականությունը, որի արդյունավետությունը պայմանավորված կլինի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման ծրագրի հիմնավորված մշակմամբ ու հետևողական իրականացմամբ: Զեկուցողը հանդես է եկել ծրագրի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով, այդ թվում՝ բազմակողմանի վերլուծություն իրականացնել կազմակերպված կոոպերատիվների և նոր կոոպերատիվների կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ, յուրաքանչյուր մարզի մասնագիտացմանը համապատասխան ընտրել և պետական աջակցությամբ ստեղծել 2 կոոպերատիվներ՝ դրանք դարձնելով ցուցադրական կենտրոններ, դոնոր կազմակերպությունների միջոցով տրամադրվող միջոցներն (դրամաշնորհները) առաջնահերթ ուղղվել կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ներքին շեմի քվոտաների սահմանման, պետական երաշխավորված պատվերների տրամադրման, պայմանագրային հարաբերություններում պարտականությունների և պատասխանատվության դրույթների հստակեցման միջոցով նպաստել վստահության ուժեղացմանը և գյուղատնտեսական կոոպերատիվների շահագրգռվածության բարձրացմանը և այլն:
Ի հավելումն վերը նշվածի, նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին Հայաստանում կոոպերացիայի զարգացման հարցում կարևորել է խնդրի դիտարկումը արտադրությունից մինչև իրացում արժեշղթայի մեջ` շեշտելով, որ միայն ամբողջական արժեշղթայի առկայության դեպքում կոոպերացիայի ոլորտում կարելի է հասնել շոշափելի արդյունքների:

Լսելով և քննարկելով հնչեցված հարցերը` օրակարգի առաջին հարցի մասով որոշում է կայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գրավոր առաջարկություններ ներկայացնել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հավանություն տալ խորհրդի անդամ Արշալույս Թարվերդյանի առաջարկին` ՀՀ-ում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորհրդի շահագրգիռ անդամների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ լայնածավալ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:
Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ-ում օրգանական շուկայի ներկա իրավիճակին, խնդիրներին ու հնարավորություններին, որոնց շուրջ զեկույցով հանդես է եկել «Էկո Գլոբ» ՀԿ նախագահ Նունե Դարբինյանը: Տիկին Դարբինյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում արտադրվող օրգանական գյուղմթերքը մրցակցային է արտերկրի շուկայում, ունի արտահանման լայն հնարավորություններ, սակայն այսօր ծավալները շատ փոքր են, առաջարկը հետ է մնում պահանջարկից, ոլորտը զարգանում է ինքնաբուխ կերպով, որտեղ հիմնական շոգեքարշները մասնավոր ընկերություններն են` օրգանական գյուղատնտեսության ընդլայնման հարցում կարևորելով պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության հարցը: Զեկուցողը անդրադարձել է նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով:

Մասնավորապես առաջարկվել է մշակել Օրգանական գյուղատնտեսության ազգային պլան՝ ճյուղի զարգացման քաղաքականության համակարգված կիրարկումն ապահովելու համար, անցկացնել մարքետինգային ուսումնասիրություններ հայկական օրգանական ապրանքները արտահանելու ուղղությամբ, վերանայել ազգային օրգանական օրենսդրությունը և այլն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս