Ով է դաժանաբար սպանված տաքսու 20-ամյա վարորդը, և ինչն է եղել կատարվածի դրդապատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում 20-ամյա երիտասարդի դաժան սպանությունը ցնցեց ողջ հանրապետությանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այսօր արդեն քննչական կոմիտեն հայտնեց, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք:

Երևան-Գյումրի ճանապարհից շեղվելով՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ նրանց միջև ավտոմեքենայում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, ըստ նախնական քննության տվյալների, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցվել Կ.Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին, պատճառվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 24-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան թաղվել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով։ Երիտասարդը հայտնաբերվել է գյուղի մոտակայքում և ձերբակալվել։

Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանն ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ եզդիաբնակ գյուղի մի ընտանիք տեսել է՝ ինչպես է արյան մեջ կորած մի տղամարդ դուրս գալիս մեքենայից և փախչում: Իսկ նախքան դա մեքենայի միջից աղմուկ է լսվել. մարդիկ վախեցել են մոտենալ։

Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակիչ Վարդան Հովսեփյանը: Գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Նա ընդունել է իր կողմից սպանություն կատարելու փաստը: Իսկ դրդապատճառների մասին հրաժարվել է ցուցմունք տալ՝ պահանջելով հանրային պաշտպան:

Մինչ օրս տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչը կարող էր արյունալի դեպքի դրդապատճառը լինել:

ArmLur.am-ի հետ զրույցում սպանված երիտասարդի մտերիմները վստահեցրին՝ մեղադրյալին Կարլենը չի ճանաչել, նրա հետ երբևէ չի առնչվել որևէ հարցով, պարտք ու պահանջի մասին, առավել ևս, խոսք լինել չի կարող:

Հնարավո՞ր է վարորդի մոտ մեծ գումար եղած լինի, կասկածյալը գողություն կատարելու նպատակով նման բան արած լինի. այս տարբերակը ևս մեր զրուցակիցները բացառեցին. Կարլեն Գրիգորյանը համեստ էր, աշխատասեր, սակայն մեծ գումարներ չուներ:

Կարլենին բոլորը ճանաչում են որպես համեստ, քչախոս մարդու, ով սիրում էր աշխատել, իր քրտինքով գումար վաստակել:

Մեր զրուցակիցները վստահեցնում են՝ նա կոնֆլիկտային չէր, վիճաբանության չէր բռնվի:

Թերևս այս առեղծվածը կպարզվի քննության ավարտից հետո. արդյոք կասկածյալը կմանրամասնի ողջ եղելությունը դժվար է ասել: Այս պահին իրականությունը գիտի միայն նա:




Լրահոս