Հարց քաղաքացիներից ` տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին կամ նրան խնամող անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին կամ նրան խնամող անձը: Եվ խնդրում եմ ասեք՝ տնային պայմաններում ինչպիսի՞ ծառայություններ են տրամադրվում:

Ալիս Օհանյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Օհանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին (գործակալություն): Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» եւ «Կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ» տեղեկանքների ձեւաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այդ որոշումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

Միաժամանակ հայտնում ենք, որ տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները՝ կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն եւ սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Այն տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ հաշմանդամներին: Ի դեպ, հաճախորդին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:




Լրահոս