Լոռիում դպրոցի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը փետրվարի 15-ին աուդիտ է անցկացրել մարզի Ծաղկաշատ գյուղի դպրոցում: Արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, իսկ դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը կարգապահական տույժի է ենթարկվել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ փետրվարի 22-ի կարգադրությամբ: Մուսայելյանը աշխատանքում ունեցել է լուրջ թերություններ եւ խախտումներ:

Հայտնաբերված «լուրջ խախտումների եւ թերությունների» շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ծաղկաշատի դպրոցի նորանշանակ տնօրեն Անահիտ Մուսայելյանի հետ: «Ես նոր տնօրեն եմ, իսկ հայտնաբերված թերություններն ու խախտումները փորձառության պակասի հետեւանքներ են: Այսինքն՝ օրենքների ոչ ճիշտ տիրապետման արդյունք է», -«Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ խախտումները հիմնականում կապված են եղել վերջնահաշվարկների հետ: «Գործուղումների մասով ավելորդ գումարներ էինք հատկացրել, որոնք հիմա հետ ենք վերադարձնում: Օրինակ՝ մարդը ազատվել է աշխատանքից եւ մեկնել արձակուրդ, մենք իրեն վերջնահաշվարկ էինք տվել, որը պետք է չվճարեինք: Ինչը օրենքների թերիմացության արդյունք է»,- պարզաբանեց դպրոցի տնօրենը: Հուսանք՝ տուժից հետո տնօրենը կսովորի «դասերը»։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս