ԵՐԵՎԱՆԻ ՄԵԾ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ով գործնական շփում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի հետ, լավ գիտի նաեւ «Երեւան հիմնադրամի» մասին: Որեւէ խնդրով քաղաքապետարան դիմելուց հետո հարցը լուծվում է այդ հիմնադրամին նախանշված չափով «նվիրատվություն» կատարելուց հետո:

Ասել է, թե «Երեւան հիմնադրամի» միջոցով պարզապես օրինականացվում է «կաշառքը», որը դառնում է «կամավոր նվիրատվություն» /գումարն էլ կախված է գործարքի բովանդակությունից ու արժեքից/, իսկ հավաքագրված գումարներն էլ ծախսվում են տարբեր նպատակներով՝ քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների համար: Այսկերպ գործելու նպատակը պարզ է՝ եթե քաղաքապետարանն իր միջոցներից անի ահռելի ծախսեր, անմիջապես աղմուկ կբարձրանա, թե մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր երրորդ բնակիչն աղքատ է, նման շռայլությունները տեղին չեն: Մինչդեռ հիմնադրամի դեպքում հեշտ է պատասխանատվությունից շրջանցելը եւ արդարանալը, թե պետական միջոցները չեն ծախսվում: Ու արդյունքում ստացվում է, որ «Երեւան հիմնադրամը» դարձել է քաղաքապետարանի երկրորդ ոչ ֆորմալ բյուջեն:
Հավանաբար, հենց այդ նպատակով էլ հիմնադրամի ծախսերը խիստ գաղտնի են պահվում. ինչպես պնդում են մեր աղբյուրները, միայն հատուկենտ պաշտոնյաներ իրավունք ունեն մոտիկից ծանոթանալու այս հիմնադրամի ֆինանսական ողջ շարժին: Հիմնադրամն, ի դեպ, գործում է հենց Երեւանի քաղաքապետարանի շենքում՝ Արգիշտի 1 հասցեում, հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ճիշտ է, այս հիմնադրամը նաեւ օրենքով նախատեսված կարգով ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում, դրանք տեղադրվում են կայքում, բայց հաշվետվությունները շատ ընդհանրական են՝ առանց գործնական մանրամասների: Չնայած, նկատենք, որ եղածն էլ բավարար է հիմնադրամի գործունեության մասին ընդհանուր պատկերացում կազմելու մասին:
Եւ այսպես՝ 2016թ. ընթացքում հիմնադրամ միայն 350 մլն 369 հազար դրամ մուտք է եղել անհատներից կամ կազմակերպություններից, Երեւանի քաղաքապետարանի բյուջեից 1 մլրդ 387 դրամ մուտք է եղել, իսկ ՀՀ պետական բյուջեից՝ 59.6 մլն դրամ: Թե ովքեր են հիմնադրամին նվիրատվություն կատարած անձինք կամ կազմակերպությունները, յուրաքանչյուրն ինչքա՞ն է նվիրաբերել, բնականաբար, որեւէ բան ասված չէ՝ հասկանալի պատճառներով:
Որոշակի ինֆորմացիա կա նաեւ ծախսերի մասին, բայց դա էլ խիստ ընդհանրական, առանց մանրամասնությունների: Օրինակ՝ 701 մլն 492 հազար դրամ ծախսվել է Երեւանի բարեկարգման, կանաչապատման, կառուցապատման եւ այլ նպատակներով, 548 մլն 688.8 հազար դրամ՝ տոնական միջոցառումների կազմակերպման համար, 306 մլն դրամի օգնություն է տրվել սոցիալապես անապահով խավերին եւ այսպես շարունակ: Հատկանշականն այն է, որ քաղաքապետարանն ինքը գումար է վճարել հիմնադրամից, եւ այնուհետեւ այդ գումարից միջոցներ են ծախսվել քաղաքի խնդիրների լուծման համար:
2015թ. ֆինանսական հաշվետվության մեջ եւս հետաքրքիր փաստեր կան. անհատներից ու կազմակերպություններից որպես օգնություն ստացվել է 463 մլն 825.3 հազար դրամ, քաղաքապետարանի բյուջեից՝ 1 մլրդ 652.6 մլն դրամ, Վիեննայից՝ միջազգային կոնֆերանսի կազմակերպման համար 2.9 մլն դրամ: Ծախսերն էլ հիմնականում նույն ուղղությամբ են եղել. քաղաքի բարեկարգման, կանաչապատման եւ նման այլ նպատակներով տրվել է 468 մլն 269 հազար դրամ, սոցիալապես անապահովներին օգնություն՝ 249 մլն դրամ, կազմակերպություններին օժանդակություն՝ 122 մլն դրամ, տոնական միջոցառումների անցկացման համար՝ 1 մլրդ 280 մլն 642 հազար դրամ: Ու կրկին՝ ոչ մի տեղեկություն ո՛չ նվիրաբերող քաղաքացիների ու ո՛չ կազմակերպությունների մասին, ոչ էլ որեւէ տեղեկություն, թե ո՞ր կազմակերպություններին է, օրինակ, քաղաքապետարանն օժանդակել: Իսկ որ դրանք պատահական անձինք ու կազմակերպություններ չեն, ինքներդ կարող եք կռահել:
Հիմա հիմնադրամի՝ 2014թ. գործունեության մասին. միայն քաղաքացիներից ու կազմակերպություններից նվիրատվություն ստացվել է 481.7 մլն դրամի չափով, քաղաքապետարանի բյուջեից՝ 1.9 մլրդ դրամի չափով, պետական բյուջեից՝ 2.4 մլրդի չափով: Ծախսերի մեջ եւս ահռելի տեղ են զբաղեցնում քաղաքի բարեկարգման նպատակով տրված գումարները՝ 146.7 մլն դրամ, սոցիալապես անապահովներին փոխհատուցումները՝ 406 մլն դրամ, եւ որ ամենամեծ գումարն է խլում՝ տարբեր մարզական եւ մշակութային միջոցառումների կազմակերպումն արժեցել է 1 մլրդ 761.8 մլն դրամ:
Համաձայնեք՝ այս թվերը բավական պատկառելի են, ու կարելի է պատկերացնել. իսկ եթե Երեւանում տարբեր շքեղաշուք միջոցառումներ կազմակերպելու փոխարեն այս գումարներն ուղղվեին շատ ավելի կարեւոր ոլորտների, օրինակ՝ սահմանամերձ շրջաններին կամ թեկուզ՝ զինված ուժերին: Բայց, դե, իշխանությունները նման հարցերի մասին մտածելու ցանկություն ու ժամանակ չունեն. չէ որ «Երեւան» հիմնադրամը, մյուս հիմնադրամները եւս ֆինանսական մեծ լվացքատուն են եւ ստեղծվել են նման լվացքների համար:
Հ. Գ. Հանուն արդարության նկատենք, որ նման հիմնադրամ միայն Երեւանում չէ, որ գործում է, այլ Հայաստանի տարբեր քաղաքներում, օրինակ՝ Գյումրիում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ի ՀՈՐ ԿՈՂՔԻՆ ՉԷՐ
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվիրպեց այն փաստը, որ երեկ՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների թվում բացակայում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բայց նա, այնուամենայնիվ, երեկ եղավ Ծիծեռնակաբերդում՝ առանձին, քաղաքապետարանի աշխատակիցների խմբով: Դժվար թե սա պատահականության արդյունք լիներ, չմոռանանք, որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողը Տարոն Մարգարյանն է, որը հիմա փորձում է առանձնանալ Սերժ Սարգսյանից, առանձնանալ ՀՀԿ-ից եւ իր քարոզարշավը վարել ինքնուրույն:
Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս Սերժ Սարգսյանը չմասնակցեց նախընտրական քարոզարշավներին եւ այդ շրջանում ՀՀԿ-ի անունը գրեթե չշոշափեց:

 

 

 

ԼՈՒԾՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ դեռ 2013թ. Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 18 մարդու կյանք խլած եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրաչյա Հարությունյայի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին հրավիրվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման նպատակը Հրաչյայի հարազատներին հենց այդ լուրի մասին տեղեկացնելն է եղել:
ՀՀ ԱՆ-ն դեռ 2014թ. դեկտեմբերի 24-ին էր այս հարցով դիմել ՌԴ արդարադատության նախարարությանը, սակայն մինչ օրս Հրաչյային Հայաստան փոխանցելու հարցում էական տեղաշարժ չէր նկատվում: Պատճառը, արդարադատության նախարարության հավաստիացմամբ, զոհվածների հարազատների՝ Հրաչյայի դեմ ներկայացված քաղհայցերն էին, որոնցով նրանք ֆինանսական փոխհատուցում էին պահանջում Հրաչյայից: Այժմ այս հարցը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ եւ արդարադատության նախարարի հետեւողականության արդյունքում լուծվել է, որովհետեւ միայն ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո էր հնարավոր լուծել Հրաչյային Հայաստան տեղափոխելու հարցը:

 

 

ՊԵԿ-ԻՆ ՊԱՐՏՔ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Իսկ պարտքի չափը կազմում է 51 մլն 772 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Եւ դատարանը բավարարել էր ՀԷՑ-ի դիմումը: Նշենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ին ավելի քան 1 մլրդ դրամ է պարտք: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը ՀԷՑ-ին ունեցած պարտքը դեռեւս չի մարել:

 

 

 
ԷՐԴՈՂԱՆԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայում ապրող հայ համայնքին: «Իմ շատ թանկագին հայազգի քաղաքացիներ, սիրով ու հարգանքով ողջունում եմ ձեզ: Առաջին համաշխարհային պատերազմի ծանր տարիներին կյանքը կորցրած հայերի հիշատակը հարգում, իսկ նրանց թոռներին հայտնում եմ իմ ցավակցությունը: Որպես այս տարածքի երկու հնագույն ժողովուրդներ` հայերն ու թուրքերը հազարամյակներ ապրել են միասին, կիսել միմյանց հետ պատմություն ու մշակույթ: Հայ համայնքը թե՛ Օսմանյան կայսրության տարիներին, թե՛ հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում այս երկրին տվել է բազմաթիվ թանկագին զավակներ, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի իշխանությունները ակտիվ աշխատանքներ են տանելու Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար:

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինային չի վերադարձրել Ղրիմի թերակղզին եւ չի կատարել Մինսկի համաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կիրակի օրը` Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

 

 

 

ՉՆԱՅԱԾ՝ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ
Չնայած առկա տարաձայնություններին` Ռուսաստանն ու Եվրամիությունը շարունակում են կարեւորագույն գործընկերներ մնալ: Մոսկվա այցի ընթացքում երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով՝ «Եվրամիությանը մասնավորաբար մտահոգում է Ղրիմի թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը»:

 

 

ԱԳՐԱՄՈՒՆՏԸ ՓԱԽԵԼ Է
«ԵԽԽ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կորցրել է իր վստահությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Վերջինս ԵԽԽՎ նիստի ժամանակ, որպես իրավիճակի հանգուցալուծում, բարձրացրել է Պ. Ագրամունտի հրաժարականի հարցը: «Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչեւ շաբաթվա վերջ»,- գրել է նա։ Պ. Ագրամունտի շուրջ միջազգային սկանդալ էր հասունացել այն բանից հետո, երբ նա ռուս պատգամավորների հետ միասին Սիրիա էր մեկնել:




Լրահոս