ՓՈՂՈՑՈՒՄ ՄԵՆԱԿ ՈՒ ԱՆՀՈՒՅՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ին իր պատմությունն այս անգամ պատմեց 61-ամյա Նվարդ Սարիբեկյանը, որի որդին հարազատ մորից հրաժարվել է` թողնելով նրան ձեռնունայն: Նվարդ տատիկն էլ որոշել է «սրա-նրա դուռը չընկնել», այլ նստել փողոցում ու փող մուրալ անցորդներից: Մեր զրուցակցին հանդիպեցինք մետրոյի` Գ.Նժդեհի անվան կանգառի հարեւանությամբ գտնվող տարածքում, թեեւ նա ամեն օր չէ, որ այդտեղ է լինում: 61-ամյա կինը շրջում է տարբեր փողոցներում, որտեղ հնարավոր է լինում «հարմարվել», այդտեղ էլ նստում է. «Բա հո ամեն օր նույն տեղը չե՞մ նստի, մի օր գնում եմ «Ռոսիա»-ի մոտ, մի օր` մի ուրիշ տեղ: Բոլոր տեղերը  չեմ հիշում, բալա՛ ջան, ման եմ գալիս, էլի»: Տիկին Նվարդից հարժարվել է  նրա միակ որդին ու գնացել երկրից, ամուսնացել ու մոռացել մորը. «Ամուսինս շուտ ա մահացել, հլը երիտասարդ էի, մի հատ տղա ունեմ` Արմենս, էն էլ գնաց բանակ, էկավ, ասեց, թե գնում ա Ռուսաստան, որ փող աշխատի ու ինձ կանչի: Բայց գնաց մի հատ ռուսի հետ ամուսնացավ ու մնաց էնտեղ, բալա՛ ջան»: Արդեն 15 տարուց ավել է, որդին գոնե մեկ անգամ չի զանգել մորը. «Չէ հա, մի անգամ չի զանգել, քանի տարի առաջ էր եկավ, ասեց արի տունը ծախենք, մի երկու օր դու մնա էստեղ, ես գնամ, տուն առնեմ, քեզ կանչեմ: Էն էլ գնաց,  էլ չեկավ, աղջի՛կ ջան»: Նվարդ տատը միայն տեղյակ է, որ որդին ամուսնացել է ու երկու դուստր ունի, իսկ դրանից հետո այլեւս ոչ մի լուր չունի որդուց: 61-ամյա կինը տնից զրկվելու պատճառով տեղափոխվել է քրոջ տղայի ընտանիքի հետ ապրելու. «Իրանք էլ ահավոր վատ են ապրում, ուղղակի մենակ էն ա, որ գլխներին տանիք ունեն: Բայց դե,  եթե իմ սեփական տղեն ինձնից հրաժարվեց, էլ ո՞վ ա ինձ պահելու, հլը իրանց շնորհակալ եմ, որ թողնում են գնամ քնեմ»: Տիկին Նվարդն ասաց, որ նրանք իր միակ հարազատներն են եւ տեղյակ են, որ ինքը փողոցի անցորդներից գումար է մուրում: Մուրացիկ կինն ասաց, որ օրեր են եղել` տուն չի գնացել, քնել է փողոցում. «Հա ի՞նչ անեմ, հո ամեն օր ինձ չե՞ն ընդունի, մնում եմ էստեղ, էլի առավոտը կարում եմ մի քիչ փող հավաքեմ»: Նվարդ տատը բողոքեց նաեւ ժողովրդի «վարձատրությունից», նշեց, որ օրեր են լինում, որ «մի 200 դրամ հազիվ ա հավաքվում».  «Էն ունեւորները անցնում են, նայում են աչքերիս մեջ ու մի կոպեկ չեն տալիս, բայց էն մարդը, որն էդքան էլ չունի, ավելի լավ ա տալիս, քան էդ ունեւորները: Ես  զգացել եմ՝ ունեւորները շատ քցիբ են»: Փողոցից գումար մուրացող 61-ամյա տատիկի միակ երազանքը որդուն տեսնելն է. «Չէ՛, ես իրանից չեմ նեղացել, դե կյանք ա, հիմա ըսենց ա ստացվել, ի՞նչ անեմ: Ուղղակի շատ կուզեի հա՛մ տղուս տեսնեի, հա՛մ էլ թոռներիս: Վաբշե չեմ տեսել, չգիտեմ էլ` քանի տարեկան են: Իմ ուզածը մենակ էդ ա, աղջի՛կ ջան»: Երբ ցանկացանք Նվարդ տատիկին լուսանկարել, միանգամից բորբոքվեց ու մի քանի խոսք ասելուց հետո անմիջապես հեռացավ. «Չէ՛, չէ՛, ես հավես չունեմ էս միլիցեքի հետ, առանց էդ էլ ամեն օր ասում են` ստեղ մի՛ նստի, ընդեղ մի՛ նստի, ես դրանց հավեսը չունեմ, որ էսքանն էլ  գրեք, հերիք ա»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս