Շատ բան կախված է լինելու իրականացնողներից. Դավիթ Պետրոսյանը՝ նոր չափորոշիչների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը հեղինակել է կառավարության որոշման երեք նախագիծ, որոնցում սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու ընթացակարգերը: Հիշեցնենք, որ 2017թ. տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխություններով էապես սահմանափակվեցին քաղաքացիների տարկետման իրավունքները: Այնուամենայնիվ, կրթության, գիտության, սպորտի եւ արվեստի բնագավառում տարկետման իրավունքի տրամադրման իրավասությունը տրվելու է ՀՀ կառավարությանը: Որոշման նախագծի համաձայն, օրինակ, գիտության եւ կրթության բնագավառների համար գերակա ճանաչված ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Տարկետման դեմ հանդես եկող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախագիծը ընդհանուր սկզբունքներ է միայն սահմանում եւ շատ հարցերի պատասխաններ չունի: Նշենք, որ ըստ փաստաթղթի` ԿԳՆ-ի կողմից ձեւավորված հանձնաժողովը պետք է եզրակացություն տա, թե ով է արժանի տարկետում ստանալու: Այս առումնով Դ. Պետրոսյանը կարեւոր է համարում հենց հանձնաժողովի կազմը: «Ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունվի շատ լավ մեթոդ, երկրորդ հարցը լինելու է, թե ովքեր են այն իրականացնելու, որոշում կայացնելու: Եթե նույնիսկ հնարավոր եղավ լավ կարգավորում ունենալ, ավելի շատ բան կախված է լինելու իրականացնողներից», – եզրափակեց նա:




Լրահոս