Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացում: Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, և համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:
Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը և ծախսարդյունավետությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաև սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա: