Քննչական կոմիտեի նախագահը՝ կադրային ջարդի և Աղվան Հովսեփյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 2014 – 2015 թվականի հունվարի 14-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: ՀՀ նախագահի 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե իր որ արժանիքի համար ՀՀ վարչապետը նրան նշանակեց ՀՀ քնչական կոմիտեի նախագահ եւ, առհասարակ, ոլորտում առկա հարցերի մասով:

-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր ո՞ր արժանիքի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ձեզ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

-Ես չեմ կարող ասել, միայն մեկ բան կարող եմ ասել` ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 20 հոդվածի համաձայն` վարչապետի ներկայացմամբ, կառավարության որոշմամբ նշանակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

-Ձեր նշանակումից անմիջապես հետո լսվեց առաջին հրաժարականի մասին, մասնավորապես, Վահագն Հարությունյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Դո՞ւք հորդորեցիք, որ նա հրաժարական տա, կամ վարչապետը, թե՞ նա ինքնակամ ասաց` ես գնում եմ:

-Վահագն Հարությունյանը ազատվելէ սեփական դիմումի համաձայն:

-Իսկ կարո՞ղ է մարտի 1-ի գործով Դուք կամ վարչապետը հորդորեցիք, որ նա հրաժարական տա, ի վերջո հայտնի է, չէ՞, որ նա եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը եւ շատ տեղեկություների է տիրապետում:

-Ես իր շարժառիթներով չեմ հետաքրքրվել:

-Դուք 2014 թվականից մինչեւ 2015 թվականի հունվարի 14-ը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ եք եղել: 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Հիմա նկատում ենք, որ իրավապահ համակարգը աղմկահարույց բացահայտումներ է իրականացնում պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման մասով, դեռ ավելին` նախկինում կարճված, կասեցված քրեական գործերին նոր ընթացք է տրվում, Դուք տեղյակ չէի՞ք այս դեպքերից, թե՞ տեղյակ էիք, բայց թույլ չեն տվել` բացահայտեիք, պատասխանատվության կանչեիք:

-Երբեք գործունեության ընթացքում կաշկանդվածություն չեմ ունեցել, յուրաքանչյուր քրեական գործ հարուցվում է կամ նյութերը նախապատրաստվում են քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, այսինքն` ֆիզիկական անձանց հաղորդումների, իրավապահ այլ մարմիններից ներկայացված հաղորդումների, ԶԼՄ-ների հաղորդումների, նման կաշկանդվածություն չի եղել, ուղղակի պետք է հասկանալ քրեական գործ հարուցելու կամ նյութեր նախապատրաստելու համար պետք են առերեւույթ հիմքեր:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ այդ հիմքերը առաջացան հենց թավշյա հեղափոխությունից հետո, եւ նախկինում այդ հիմքերը չկային, Դուք դրա պատասխանը չգիտե՞ք: Օրինակ` զորակոչից ազատվածների մի հսկայական շարք բացահայտվեց:

-Կարող եմ ասել, որ շարքը միշտ էլ շատ է եղել, կարող ենք անգամ վիճակագրություն ներկայացնել, խնդիրը հետեւյալում է, որ նման գործերը զինվորական քննչական գլխավոր վարչությունում յուրաքանչյուր կիսամյակը մեկ շուրջ 700 հարյուրի կարգի կա՛մ քննվում է, կա՛մ նյութեր են նախապատրաստվում, նոր քրեական գործեր հարուցվում: Այսինքն` այդ գործերի շրջանակը միշտ էլ շատ է եղել:

-Վարչապետը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից հրահանգով են իրավապահ ոլորտի ներկայացուցիչները աշխատել: Ձեզ քանի՞ անգամ են զանգել, հրահանգել` ինչպես գործի ընթացք տաք եւ կոնկրետ որ գործերով:

-Ինձ երբեւէ հրահանգ չի եղել, Ձեզ վստահեցնում եմ` նման երեւույթի հետ երբեւիցե չեմ առնչվել:

-Այսինքն` տարիներ շարունակ աշխատելով զինվորական քննչական վարչությունում եւ լուրջ պաշտոններ զբաղեցնելով` երբեւէ մի պաշտոնյայի որդու մասով նրան ծառայությունից կամ պատասխանատվությունից ազատելու մասով ոչ մի գործողություն չե՞ք կատարել:

-Վստահեցնում եմ, եւ եթե նման տեղեկություններ, նույնիսկ խոսակցությունների հիմք կունենաք, անպայման հաղորդում ներկայացրեք ՀՔԾ:

-Աղվան Հովսեփյանը Ձեր նախկին ղեկավարն է, Ձեր նշանակումից հետո փորձեցի՞ք հանդիպել իր հետ, առհասարակ, նա գո՞հ է Ձեր նշանակումով:

-Ո՛չ, ես կարծում էի, որ պարոն Հովսեփյանը ներկայացմանը ներկա կլիներ, բայց…

-Բայց չեկավ, ինչո՞ւ, փորձեցի՞ք հասկանալ:

-Ես տեղյակ չեմ:

-Ի վերջո, Ձեր նախկին ղեկավարի պաշտոնն եք զբաղեցրել, Դուք չփորձեցի՞ք անձամբ հանդիպել:

-Ո՛չ, ինքը ինձ զանգահարել, շնորհավորել է, հանդիպում չի եղել:

-Ի՞նչ տրամադրություն է ՀՀ քննչական կոմիտեում, Ձեզ հետ պատրաստվո՞ւմ են աշխատել, թե՞ արդեն Ձեր սեղանին դիմումներ են ներկայացվել, կամ Դուք եք կադրային ջարդ իրականացնելու:

-Կադրային ջարդ, որպես այդպիսին, երեւույթը անընդունելի է, յուրաքանչյուր քննիչ պրոֆեսիոնալ գնահատվում է իմ կողմից երեք չափանիշով` առաջինը հավատարմությունը իր մասնագիտությանը, պրոֆեսիոնալիզմը եւ անկաշառությունը:

-Ձեզ դիմում ներկայացնողներ կա՞ն, որ չեն ցանկանում Ձեզ հետ աշխատել:

-Գիտե՞ք, Նոր Նորքի բաժնի պետը այն օրը դիմում է ներկայացրել, որ տեղափոխվում է ոստիկանության համակարգ:

-Այսինքն` կոնկրետ մարդիկ պատրաստ են համակարգը փոխել, բայց Ձեզ հետ չաշխատե՞լ:

-ՉԷ՛, 18 տարի ծառայել է ոստիկանության համակարգում, երկու տարի է մնացել թոշակի իրավունք ստանալու համար, եւ այդ երկու տարին լրացնելու, թոշակի իրավունք ձեռք բերելու նպատակով լրացնելուց հետո ակնկալում է նորից վերադառնալ քննչական կոմիտե: Այլ դիմումներ չեմ ստացել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս