ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման առանձնահատկություններով, ինչպես նաև Կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը օրենսդրական հիմքին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» կվերանվանվի «Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:
Վարչության ստեղծումը հնարավորություն կտա ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից: