Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
Որոշումը հրապարակվեց քիչ առաջ, նիստերի դահլիճում ներկա էին Քոչարյանի որդիները, պաշտպանական խումբը:
Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին:
Նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: