Բագրատաշենում ոռոգման ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթին զանգահարեց Բագրատաշեն գյուղի բնակիչ Գենադի Սողոմոնյանը, հայտնեց, որ Բագրատաշենում հավաքվել են գյուղի մոտ 40 բնակիչ, որոնք խիստ մտահոգված են ոռոգման ջրի պակասով: Ասաց, որ պտղատու այգիները եւ ցանքատարածությունները չորանում են, պտուղը ծառի վրա չորացել է, այգիները եւ ցանքերը չեն ոռոգվում, գյուղը սնուցող ոռոգման ինքնահոս 2 ջրատարներում 1 գրամ ջուր չկա: Նա հայտնեց, որ ոռոգման ինքնահոս 2 ջրագծերը բնականոն աշխատում են միայն գարնանը եւ աշնանը, ոռոգման պոմպերը հաճախակի շարքից դուրս են գալիս, Դեբեդից պոմպերով սնուցվող ջրատարի ջուրը չի բավարարում:

Հին խնդիրներին գումարվում է այս տարվա երաշտը: Բագրատաշենի բնակիչների խոսքերով`«Տավուշ»ջուրօգտագործողների ընկերության ջրվարները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, ինչը չի նպաստում նրանց աշխատանքի արդյունավետությանը: Բագրատաշենցիները պահանջում են, որպեսզի վերադաս մի հանձնաժողով գնա Բագրատաշեն, արձանագրի ոռոգման ջրի մատակարարման վատ վիճակը: Բագրատաշենցի այգեգործների վկայությամբ` վերջերս վթար է տեղի ունեցել Բագրատաշենին ոռոգման ջուր մատակարարող «Ձեյթուն-1» պոմպակայանում, ջուրը լցվել է պոմպակայանի տարածք:

Խնդրի վերաբերյալ զրույցեինք Բագրատաշեն գյուղը ներառող Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ: Նա ասաց, որ Բագրատաշենում ոռոգման ջրի սուր պակաս կա, գյուղի ինքնահոս ջրատարում վերջերս մաքրման աշխատանքներ են կատարվել: Ա. Պարանյանը հայտնեց նաեւ, որ ոռոգման ջրի խնդիրը սուր է նաեւ Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղում, Դեբեդավանը սնուցվում է Բագրատաշեն ինքնահոս ջրատարից: Դեբեդավանին ինքնահոս եղանակով ոռոգման ջուր մատակարարելու համար հարկավոր է ջրագծի սկզբում հիդրոտեխնիկական աշխատանքներ կատարել, ջրի մեծ քանակություն կուտակել:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերջերս ինքը նամակ է ստացել «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից, որը հայտնել է, որ Բագրատաշենի ինքնահոս ջրատարի ջուրը ֆիլտրացվում է, նաեւ լցվում Բագրատաշենի բնակիչ Գարեգին Մելքումյանի տուն:

2017թ. ինքնահոս ջրատարը քանդվել է, ջրատարի ջուրը հեղեղի նման լցվել է Գարեգին Մելքումյանի տուն: Բագրատաշենի ոռոգման ջրի հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցի «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանին: Նա ասաց,որ այդ հարցերով պետք է դիմել Ջրային կոմիտեի մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանին: Վերջինս հայտնեց, որ Բագրատաշենը սնուցող ոռոգման ինքնահոս ջրատարում նորոգման, մաքրման աշխատանքներ են կատարվում, գյուղը սնուցող պոմպակայանի մեկ պոմպն է աշխատում, պոմպակայանում տեղի ունեցած վթարից հետո մյուս պոմպը չորացվում է, որպեսզի գործարկվի: Նա ասաց, որ պետական բյուջեից ՋՕԸ-ներին վերջերս մեծ գումար է փոխանցվել, Բագրատաշենի ջրվարների աշխատավարձի 2 ամսվա պարտք կա, 3-րդը անցած ամսվա ռոճիկն է, գումարները «Տավուշ» ՋՕԸ-ին փոխանցվելուց հետո աշխատավարձերի պարտքերը կվճարվեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս