Ո՞վ պետք է ազատ արձակի Քոչարյանին, և ո՞ւմ սխալի հետևանքն է այս պատկերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացվեց «դարի վճիռը»: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել եւ ուղարկվել էր ՍԴ: ՍԴ-ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ Եւ հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Եւ, ահա, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին, 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»: Վճռի մնացած մասը, կարելի է ասել, էական չէ:

Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը: Ստացվում է, որ մարդու նկատմամբ քրգործ է հարուցել, եւ նա կալանավորվել է իքս հոդվածի հիման վրա, որը երեկ ՀՀ բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասամանադրական եւ անվավեր: Իհարկե, հետագա մեկնաբանություններում, հատկապես` իրավական դաշտից դուրս, կարող ենք ասել, թե ՍԴ-ն այս նկատի չուներ, այն նկատի ուներ: Բայց փաստ է, որ այս գործով ցանկացած կալանավորված անձ՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, թե այլ մարդ, պետք է անհապաղ ազատ արձակվի: Դա ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրության, Քրեական օրենսգիրքի, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի մեջ. «անհապաղ պետք է ազատ արձակվի ապօրինի ազատությունից զրկված ցանկացած անձ»: Իսկ անվավեր ճանաչված հոդվածի հիման վրա կալանավորված անձը համարվում է ապօրինի կալանավորված:

Իսկ ո՞վ պետք է ազատ արձակի Քոչարյանին. դա կարող է անել քրեակատարողական հիմնարկի պետը, դատախազությունը պետք է հանձնարարություն տա` որպես պատժի եւ հարկադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, կամ գործը քննող դատարանը գործի անհապաղության սկզբունքով:

Իսկ ո՞ւմ սխալի հետեւանքն է այս պատկերը, որ մեկ տարուց ավել է` մի ողջ երկրի իրավապահ համակարգ չի կարողանում կատարել հասարակության գերակշիռ մասի պատվերը, այն է՝ ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին: Բանն այն է, որ գործը հարուցող մարմինը՝ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս Սասուն Խաչատրյանի, եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը՝ ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, գործը հարուցելիս ՀՀ Սահմանադրության դրույթները հաշվի չեն առել: Ինչո՞ւ. որովհետեւ նրանք պարզապես Սահմանադրական իրավունքի մասնագետ չեն: Նրանք ղեկավարվել են ՀՀ Քր. դատ. օրենսգրքով եւ մայր օրենքը՝ Սահմանադրությունը թողած` ստորադասն են կիրառել: Եւ նույնիսկ եթե ՀՀ ՍԴ-ն նման վճիռ չկայացներ, դա անելու էր Եվրադատարանը, քանի որ հարուցված հոդվածը հակասում է նաեւ Եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, ուզենք, չուզենք, իրավաբանորեն այս գործն ի սկզբանէ սխալ հիմքերի վրա էր դրված:




Լրահոս