ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նպատակով է իշխանությունը 50 միլիոն դոլար փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն տեւական ժամանակ է, ինչ հայրենի իշխանությունները լծվել են ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների աշխատանքներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջեւ պահանջ է դրել փոփոխությունների իրագործման հարցը շուտափույթ կյանքի կոչել:

Սակայն մեր տեղեկություններով` դեռեւս չկան այն ֆինանսական միջոցները, որով իշխանությունները կսկսեն իրենց բուն աշխատանքները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ ամբողջությամբ փոփոխությունների փաթեթը պատրաստ է, սակայն գումար չունենալու համար գործը չեն սկսում: Բանն այն է, որ այս փոփոխությունների համար իշխանություններին հարկավոր է 50 միլիոն դոլար:

Ըստ մեր տեղեկությունների` հայրենի իշխանությունները Եվրամիությանն են դիմել իրենց այդ հարցում աջակցելու համար, սակայն դեռեւս անարդյունք: Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 7-ին Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության փակ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ քննարկել են, թե ոստիկանական համակարգում ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել:

Լ. Մակունցը նշել էր, որ խոսքն ընդհանուր համակարգի բարեփոխումների մասին է. «Ոչ միայն արդարադատության նախարարությունը պետք է աշխատի, այլ նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը պետք է իր դերակատարումն ունենա»: Թե կոնկրետ ինչն են փոխելու ոստիկանությունում, խմբակցության ղեկավարն ասել էր, որ առարկայական չեն քննարկել. խոսել են այն մասին, թե ինչպիսին են ուզում տեսնել ոստիկանությունը, ինչպիսի համակարգ են ուզում ունենալ, հետո կանցնեն որոշակի քայլերի:

Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների` իշխանությունների համար գրեթե որոշված է, թե ՀՀ ոստիկանության համակարգում որ ստորաբաժանումներն են ենթարկվելու փոփոխության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նախ փոփոխությունները վերաբերելու են ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, որը, ըստ նախագծի, պետք է միանա պարեկապահակային ծառայությանը ու դառնա մեկ միասնական ծառայություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռեւս պարզ չէ, թե այդ միացումներից ինչ կրճատումներ կլինեն, դրանք դեռեւս հստակեցված չեն:

Նախագծվում է միացնել նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր բաժինը եւ ոստիկանության 6-րդ վարչությունը, որն, ըստ իշխանությունների, գրեթե նույն գործառույթներն է իրականացնում: Պլանավորված է, որ այդ երկու ստորաբաժանումները կմիանան միմյանց, ինչի համար ավելի օպերատիվ ու արդյունավետ կաշխատեն: Ըստ մեր տեղեկությունների` այս երկու բաժինների միջեւ մշտական տարաձայնություններ են եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով նույն գործառույթը, մշտապես «բախման» մեջ են եղել:

Եւ, ահա, որոշում կա նաեւ ստեղծել մեկ օպերատիվ արձագանքման կենտրոն, որտեղ կհնչեն բոլոր հեռախոսազանգերն ու այնտեղից կկառավարվի ամբողջ օպերատիվ տեղեկատվությունը Հայաստանի վերաբերյալ: Ըստ նախագծի` այդ դերակատարումը կվստահվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործող 911 ծառայությանը, որտեղից արդեն տեղեկատվություն կտրամադրվի, թե ինչ օպերատիվ իրավիճակ է ՀՀ-ում, եւ ընդհանրապես այն քաղաքացիները, ովքեր տարբեր հարցերով զանգահարում են ՀՀ ոստիկանություն, այդ զանգը կուղղվի 911, որտեղից էլ արդեն կորոշվի, թե քաղաքացուն որ համակարգ ուղղորդեն:

Ըստ մեր աղբյուրների` այս ամենն արդեն հստակ ամրագրված է այն նախագծի փաթեթում, որը պետք է առաջիկայում կառավարությունը ուղարկի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով: Սակայն հստակ քայլերի չեն դիմում, քանի որ Եվրամիությունից դեռեւս «դաբրո» չեն ստացել, որ այդչափ գումար են տրամադրելու ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար: Հանդիպումների ժամանակ Եվրամիության ներկայացուցիչները իշխանության ներկայացուցիչներին ասել են, որ աջակցելու են նախագծի իրականացմանը, բայց գումարի մասին որեւէ հստակեցում չեն արել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները մի պլան էլ ունեն. եթե հստակ լինի Եվրամիության մերժումը, ապա հնարավոր է այդ պարտավորությունը դրվի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի վրա, քանի որ, ըստ իշխանության ներկայացուցիչների, այդ գրասենյակին հաջողվում է նման դեպքերում գումարներ հայթայթել: Թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, դժվար է ասել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ` պարզելու` արդյոք իրենք տեղյակ են, որ իշխանությունները նման նախագիծ ունեն, ու արդյոք անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության կառուցվածքում նման փոփոխություններ լինեն: Պատգամավորն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման նախագծից` հավելելով, որ պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է. «Քննարկում այդ ամենի մասին դեռեւս խմբակցությունում չի եղել. ամեն ինչ պարզ կլինի, երբ որ նախագիծը բերեն, տեսնենք, հասկանանք` ինչ է»: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները մեր հեռախոսազանգերը թողեցին անպատասխան, իսկ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ քննարկման է, չի կարող խոսել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս