«ԱՄԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐԵԼ ԵՄ, ԱՆԳԱՄ ԿԱՐԿԱՆԴԱԿ ԵՄ ՎԱՃԱՌԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն է: Մենք անդրադարձել ենք նրա բնավորության գծերին, սովորություններին: Գեւորգը հանդես է եկել հետաքրքիր խոստովանություններով:

-Գեւո՛րգ, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:
-Երկուսն էլ կարեւոր է, բայց ավելի շատ պետք է վստահել սեփական ուժերին:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Պետք չէ հուսահատվել: Չէ՞ որ չկա չարիք առանց բարիքի: Չեմ մոռանում, որ պետք է ուժեղ լինել:
-Կինոմա՞ն եք:
-Եթե ժամանակ ունենում եմ, սիրում եմ դիտել լավ ֆիլմեր:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Ամեն ինչն էլ հաղթահարելի է: Կարծում եմ` մեծ հաշվով չկան նման փուլեր: Ամեն շրջան էլ պետք է անցկացնել պատվով: Դժվար է հատկապես այն մարդկանց համար, որոնք ինքնուրույն ինչ-որ բան են ստեղծում: Ես էլ այդ մարդկանց թվին եմ պատկանում:
-Կա՞ մի բան, որ արգելում եք Ձեր երեխաներին:
-Այսքան ժամանակ նման առիթ չի եղել, չեմ ֆիքսվել նման հարցերի վրա: Եթե նկատեմ արատավոր մի բան, հաստատ կարգելեմ:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել:
-Չէի ասի, բայց կյանքն ինձ սովորեցրել է հեռու մնալ կեղծավոր մարդկանցից: Պետք է հասկանալ` ում հետ շփվել, ում հետ` ոչ: Մարդկանց հաճախ չափում եմ իմ արշինով, բայց հետո պարզվում է, որ սխալվել եմ: Բայց ոչինչ, արդեն իմունիտետ ունեմ: Եթե մարդիկ փոքր-ինչ բարի լինեն, ավելի հեշտ կապրեն, միմյանց համար խնդիրներ չեն ստեղծի:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրվող:
-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…
-Մայրիկիս: Նա է իմ մանկության կենտրոնը:
-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը երգարվեստի հետ կապ չունի:
-Այո, իհարկե, շատ: Ինչ մտքներովդ անցնի, արել եմ: Մութ ու ցուրտ տարիներին անգամ կարկանդակ եմ վաճառել, ինչ պատահի, արել եմ: Տասը տարեկանից ձգտել եմ ինքնուրույն փող աշխատել:
-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:
-Եթե անկեղծ, չկա այդպիսի մեկը: Եթե նույնիսկ եղել է այդպիսի մարդ, մոռացել եմ նրան:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Չեմ վախենում, բայց զգուշանում եմ: Փորձում եմ ամեն ինչ անել, որ ընտանիքիս անդամներն առողջ ու անվտանգ ապրեն: Մնացածը մեր ձեռքերում է, կստեղծենք ամեն բան: Ոչ մի բանից չեմ ընկճվում:
-Երեխաներ ունենալ՝ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:
-Թող իրենք որոշեն (ծիծաղում է): Ինձնից ինչ հասնում է, իրենց համար անում եմ. իրենք թող հետագայում ընտրեն ինչ կերպ ապրել:
-Ձեր ամենահաջողված երգը ո՞րն եք համարում:
-Բոլոր երգերս էլ սիրով եմ կատարում, բայց ինքս` որպես ունկնդիր, օրինակ, մեքենայի մեջ հաճույքով լսում եմ «Դու մի լա» եւ «Սրտիցս արյուն է կաթում» երգերը:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Բնականաբար, մեծացավ մարդկանց կողմից ուշադրությունը, շատ դեպքերում հաճելի է դա, կարեւոր է, բայց երբեմն ուզում ես, որ այդ ուշադրությունը չլինի, հոգնում ես այդ ամենից:
-Հոգնածությունը թոթափելու համար նախընտրում եք այցելել փաբե՞ր, թե՞ բնության գիրկ:
-Գործի բերումով հաճախ եմ լինում աղմկոտ վայրերում, ուստի փաբերից խուսափում եմ: Ինձ համար հազար անգամ ավելի հաճելի է ընտանիքիս հետ հանգիստն անցկացնել բնության գրկում:
-Ո՞ր քաղաքն է Ձեզ ամենաշատը տպավորել:
-Ասեմ` Երեւանից լավ տեղ չկա. իմ հայրենիքում շատ ավելի լավ եմ զգում, քան ցանկացած այլ վայրում, բայց տպավորվել եմ նաեւ Բրյուսելով եւ Սանկտ Պետերբուրգով: Վերջինիս ճարտարապետությունը, պատմամշակութային արժեքները իսկապես ազդեցիկ են:
-Անիմաստ է ապրել առանց…
-Հարազատ մարդկանց, առանց ընտանիքի: Կյանքն անիմաստ է, երբ մարդ մենակ է: Կարող ես, օրինակ, փող չունենալ, բայց կյանքդ անիմաստ չլինի: Ես շեշտը դնում եմ մարդկային արժեքների, հոգեւորի վրա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԿԱՆԴԱԼ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ԲԱՅՑ ԴԱ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

Վերջերս երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդես եկավ նոր տեսահոլովակով, որը բավական քննարկվեց օնլայն տիրույթում: Երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակը, կոչվում է «Թե մի օր»:

Այն բանից հետո, ինչ հոլովակը հայտնվեց համացանցում, հնչեցին քննադատություններ` Սոնայի հագուկապի եւ սանրվածքի հետ կապված: Ոմանք տեսակետ հայտնեցին, որ թեեւ Սոնան ձգտել էր նորաձեւ տեսք ունենալ, սակայն ստացվել էր հակառակը. «Կաշվից սեւ կոմբինեզոնը հիշեցնում է 90-ականները եւ համահունչ չէ երգչուհու կազմվածքի հետ, էժան տեսք է հաղորդում նրան, իսկ կեղծամին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն մի քանի անգամ գնացքի տակ է ընկել, հետո նոր հայտնվել Սոնայի գլխին»,-գրեցին որոշ քննադատներ:
Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստացավ հենց Սոնայից: Երգչուհին նշեց, որ մեծ մասամբ դրական կարծիքներ է լսել տեսահոլովակի, իր լուքի վերաբերյալ. «Փորձում են սկանդալ բարձրացնել, բայց դա ծիծաղելի է. մեկ-երկուսի կարծիքը հաշվի չեմ առնում: Այնպիսի տպավորություն է, որ նրանք բանուգործ չունեն, նստած, պատվերով նյութեր են գրում: Բոլորն էլ հավանել են մեր կատարած աշխատանքը»,- ասաց նա:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի թեմայով: Սոնան տեղեկացրեց, որ հասցրել է հանգիստն անցկացնել Դիլիջանում: Առհասարակ, նա սիրում է տարին մի քանի անգամ մեկնել հանգստի, եթե, իհարկե, աշխատանքային բուռն գրաֆիկն ընձեռում է նման հնարավորություն: Երգչուհին հաճախ նախընտրում է հանգստանալ հենց Հայաստանում` Դիլիջանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Ջերմուկում, բայց սիրում է մեկնել նաեւ արտերկիր, հանգստանալ ծովի ափին:
Հարցին, թե որ երկիրն է տպավորել իրեն, Սոնան պատասխանեց. «Շատ եմ հավանել Իտալիան: Սիցիլիան այն վայրն է, որտեղ կարող եմ անվերջ վերադառնալ: Սիրում եմ հարուստ բնությամբ եւ պատմությամբ, մշակույթով հայտնի երկրներ: Այդ բոլորը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ Իտալիան ինձ համար մնում է չգերազանցված»,-եզրափակեց Սոնան:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋԱՐԿՆ Է ԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջիկա օրերին ձեւակերպել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: Նշվում է, որ մաֆրիդիցիները ֆուտբոլիստի համար առաջարկել են 159 մլն եվրո: Անգլիական գրանդը, սակայն, ֆրանսիացուն բաց կթողնի միայն Բրունո Ֆերնանդեսի եւ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրասնֆերները ձեւակերպելուց հետո:

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱԺԱՆՎԵԼ ՆԵՅՄԱՐԻՑ
Ֆրանսիական ՊՍԺ-ն կարծես համակերվել է այն մտքի հետ, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը պետք է հեռանա: Նշվում է, որ ֆուտբոլիստի պահվածքը տեսնելով` Ֆրանսիայի մայրաքաղաքում նույնպես ցանկանում են նրա` թիմից հեռանալը: Այս ամենի փաստ է նաեւ այն, որ ֆրանսիական ակումբը իջեցրել է բրազիլացու հրաժարագինը` հասցնելով 180մլն եվրոյի: Հիշեցնենք, որ ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել Կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ
«ԵՎՐՈ-2020»-ի որակավորման փուլի վերջին տուրում J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, խաղը տեղի կունենա Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, որը տեղավորում է 36365 հանդիսական: Հավելենք, որ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա նոյեմբերի 18-ին: Այս պահին Իտալիայի հավաքականը վաստակած 12 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր հավաքականը 6 միավորով երրորդն է եւ անցումային երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիայից հետ է մնում ընդամենը 3 միավորով:

 

 

 

ՔԻՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՆԳԼԻԱ
Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարզիոն, Թուրինի «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը կարիերան կշարունակի անգլիական «Էվերթոնում»: Նշվում է, որ տրանսֆերը կարժենա 30մլն եվրո եւ գումարած 10մլն եվրո բոնուսների կարգով: «Յուվեն» ապագայում հնարավորություն կունենա հետ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Քինը այսօր բուժզննում կանցնի լիվերպուլյան ակումբի համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս