Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ պատասխանել Արաս Օզբիլիսի հայտարարությանը.
Ֆուտբոլային աշխարհի հարգելի ներկայացուցիչներ,
Երեկ ավարտվեց Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրը, որը, ցավոք սրտի, կրկին անգամ աչքի ընկավ կարգապահական բնույթի արտառոց խախտումներով:
Միգուցե կարելի կլիներ հարցը քննարկել ներֆուտբոլային օրենսդրական համակարգի, մասնավորապես՝ կարգապահական կանոնակարգի շրջանակներում և, կիրառելով առավելագույն հնարավոր պատժամիջոցները բոլոր մեղավորների նկատմամբ, նվազագույնի հասցնել հայկական ֆուտբոլում նմանատիպ արատավոր երևույթների կրկնությունը հետագայում:
Սակայն այսօր տեղի ունեցած ուղղորդված մամուլի ասուլիսներն ու ակնհայտորեն թիրախավորված մամուլի հրապարակումներն ապացուցում են այլ բան:
Մի դեպքում «Փյունիկի» ներկայացուցիչը եւ/կամ «Փյունիկը» փորձում էին սեփական ակումբի եւ/կամ խաղացողի սխալները սահուն կերպով «Լոռի» ՖԱ-ի կողմն ուղղել, դրանով իսկ հերթական անգամ սպորտային հարցերը փորձելով լուծել այլ հարթություններում ու սեփական ֆուտբոլային եւ/կամ մենեջմենթային լուրջ ձախողումները բարդել այլ մարդկանց կամ ակումբների վրա:
Մյուս դեպքում՝ փորձ է արվում ավելի հեռուն գնացող հրապարակային և վերջնական քաղաքական բնորոշումներ ու նեղ շահադիտական գնահատականներ տալ երևույթների և դեպքերի կապակցությամբ, որոնք դեռևս կարիք ունեն ստուգման:
Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիսի կողմից նշված արտահայտությունը պարոն Թովմաս Գրիգորյանին վերագրելուն, պետք է տեղեկացնենք, որ որևէ մեկը՝ ներառյալ Հայաստանի ազգային հավաքականում վաստակ ունեցած ֆուտբոլիստը, իրավունք չունի անել հրապարակային անհիմն, անպատասխանատու հայտարարություններ եւ խեղաթյուրել իրականությունը։ Իրականում այդ խաղի ընթացքում VIP տրիբունայում գտնվող հյուրերից մեկը, ով խաղին ներկա էր կնոջ հետ, շատերի ներկայությամբ նման կերպ արձագանքել է Էրիկ Վարդանյանի՝ խաղադաշտում բարձրաձայն հնչեցրած լկտի հայհոյանքին, ինչն այդպես էլ մրցավարի կողմից մնացել է անպատիժ: Արդարության համար պետք է նշենք նաև, որ վերջինիս նման արձագանքը ներկա շատ անձանց ներկայությամբ արժանացել է նույն Թովմաս Գրիգորյանի կշտամբանքին:
Իսկ նրանց, ովքեր փորձում են հայկական ֆուտբոլն ուղղորդել քաղաքական՝ ֆուտբոլի համար կործանարար ճանապարհ, խորհուրդ կտանք բավարարել իրենց ամբիցիաներն այլ ոլորտներում:
Կոչ ենք անում ֆուտբոլիստներին և ֆուտբոլային բոլոր պաշտոնյաներին խստագույն կարգապահության, քանի որ դա ֆուտբոլի զարգացման հրամայական պահանջներից՝ թերևս ամենակարևորներից մեկն է:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը ավելի վաղ հայտարարել էր, որ «Լոռի» ՖԱ -ի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը «Լոռի» – «Փյունիկ» խաղի ժամանակ կապիկ է անվանել երեւանյան ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին:
Էդմոն Մարտիրոսյան