ՀՀԿ-ական նախկին մարզպետը հա՞նք է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արագածոտի մարզում կրքերը թեժանում են հատկապես այն համայնքերում, որտեղ պետք է առաջիկայում համայնքների խոշորացումներ լինեն: Բանն այն է, որ տարբեր համայնքի ղեկավարներ փորձում են իրենցով անել այն հողատարածքները, որոնք մինչեւ այժմ սեփականատերեր չունեն:

Մեր տեղեկություններով` այդ հարցում թեժ իրավիճակ է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում, որը շուրջ տասներկու տարի ղեկավարում է Մաջիթ Ամոյանը, ավելին` վերջինս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Ու պարզվում է` գյուղապետի գիտությամբ այնտեղ պետք է գործարկվի տուֆի քարի հանքավայր, որը, ըստ մեր տեղեկությունների, պետք է շահագործի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը:

Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համայնքում հորատանցքեր փորելու համար տեխնիկա են մտցրել ու փորձել են արդեն ինչ-որ աշխատանքներ անել այդ ուղղությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ս. Սահակյանի հետ` պարզելու համար, թե ինչ հանքավայրի մասին է խոսքը, արդյոք իրենք օրինական թույլտվություն ունեն, թե ոչ:

-Պարո՛ն Սահակյան, տեղեկություններ կան, որ Դուք եւ Ձեր եղբայրը Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում նպատակ ունեք տուֆի քարի հանք շահագործել: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

-Ես առաջին անգամ եմ լսում այդ տեղեկությունը. եթե մեկը կասի, որ ես էս երեք տարվա մեջ եղել եմ այդ գյուղում… Իրականում չկա նման բան, ես առաջին անգամ եմ լսում:

-Բայց, ըստ տեղեկությունների, տեխնիկա եք ուղարկել, որպեսզի այնտեղ հորատանցքեր անեն առաջիկայում հանքի շահագործման համար:

-Անհնար բան է, ես ու իմ եղբայրը Ձեր ասած քարհանքի հետ որեւէ առնչություն չունենք: Այ մարդ, հիմա էլ ասում են, թե ես ՀՀԿ-ի եմ ներառել, չգիտեմ` ինչեր եմ արել, այ մարդ, նման բան չկա, ես ոչ մեկին էլ ՀՀԿ չեմ ներառել, ոչ մի կուսակցական: Ինչպե՞ս կարող են գյուղում ասել, թե ես կամ իմ եղբայրն ենք գյուղ տեխնիկա ուղարկել, անհնար բան եք ասում: Մենք այնտեղ սեփականություն չունենք, մենք ընդեղ հող չունենք, մենք վարձակալություն չունենք այնտեղ: Եթե չունենք նման բան, մենք ո՞նց կարող ենք քարհանք բացել:

-Համայնքապետը եւս ՀՀԿ-ական է, ու, ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների, հենց նրա միջոցով եք բոլոր Ձեզ համար ցանկալի գործերն իրականացրել: Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք համայնքապետի հետ:

-Գյուղապետին ճանաչում եմ, իր հետ աշխատել եմ հինգ-վեց տարի, գյուղը փոքրիկ է, դոտացիայով է:

-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ համայնքապետարանի բյուջեի միջոցներով ոչ մի ծրագիր գյուղում չի իրականացվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համապատասխան մարմիններին է դիմել` պարզելու համար, թե գյուղապետը այս տարիների ընթացքում ինչ ձեւով է օգտագործել բյուջեն, որ համայնքում ոչ մի փոփոխություն չկա:

-Ես լսել եմ պատգամավորի հայտարարությունը. գյուղը ի՞նչ միջոցներ ունի, որ ինչ-որ աշխատանք կատարեն, ոչ մի բան չկա, տարեկան երեք-չորս միլիոն դրամ փող է հատկացվում գյուղին, որը ընդամենը բավարում է աշխատավարձերին: Ասենք, գյուղապետը էդ դեպքում ի՞նչ միջոցներով պետք է ճանապարհ սարքի, գազաֆիկացում իրականացնի կամ ինչ-որ մի այլ բան անի: Էդ փողով ի՞նչ կարող ես անել, մի հատ ինձ բացատրի, ասա, դրանով, կրկնում եմ, մենակ իրենց աշխատավարձերին է հերիք անում: Ես չգիտեմ` գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ է: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել:

-Հիմա Դուք ինչո՞վ եք զբաղված պաշտոնանկությունից հետո:

-Ես սովորական ապրելակերպով, ոնց են ապրում Հայաստանի քաղաքացիները, այդպես էլ ես եմ ապրում, սովորական: Ընտանիք, տուն, ֆերմա ունենք, մեր գյուղում ֆերմայով ենք զբաղվում:

-Գրեթե բոլոր նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, այժմ էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կա, դա Ձեզ սպառնո՞ւմ է:

-Հարցեր տվեցիք, ես պատասխանեցի. այլ բան չեմ պատասխանելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս