Ո՞վ եւ ինչո՞ւ է տվել պարանը. կախված զինվորի գործի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կատարվածից հետո իրավապահները մի շարք վարկածներ էին քննում, թե ինչը կարող էր զինվորի մահվան պատճառը դառնալ:Ավելին, Armlur.am-ը գրել էր, որ Մուշեղյանը Սյունիքի մարզի խոշորացված Տաթեւ համայնքի Տանձատափ գյուղից էր:

«Առավոտը լսել ենք, որ Վահանին կախված են գտել: Իր հայրը Տանձատափի վարչական ղեկավարն է, աշխատող, գյուղացի լավ մարդիկ են: Լավ ընտանիքից էր: Նա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, հինգ ամիս սովորելուցհետո զորակոչվել է բանակ»,-ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը: «Մայրը 10 օր առաջ է Ստավրոպոլից վերադարձելեւ գնացել է զորամաս` տղային տեսնելու, եղբայրն էլ կիրակի օրն է այցելել զորամաս: Շատ գոհ է եղել ծառայությունից, երբեք չի բողոքել: Ծնողներին փորձեցինք այնպես հայտնել լուրը, որ հանկարծ մի վատ բան չպատահի»,-նշեց նա:

Տաթեւ համայնքի ղեկավարի խոսքով՝ Վահան Մուշեղյանը ծառայել է շատ լավ, խելացի եւ հարգված է եղել բոլորի կողմից:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան գործով տարվող քննությունից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է շուրջ 30 անձ, որոնց մեջ են եղել զորամասի զիծառայողները եւ հրամանատարական կազմը: Մեզ հասած լուրերով` վերջիններս ասել են, որ Վահանը շատ հարգված ու մաքուր զինվոր է եղել եւ զորամասում երբեւէ ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել:

Իրավապահները դեռեւս զինվորի հարազատներին չեն հարցաքննել` սպասելով, որ հուղարկավորությունից, սգից մի քիչ ժամանակ անցնի:
Սակայն մինչ հարազատների հետ խոսելը իրավապահները գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ բերել: Մասնավորապես, մեզ հասած լուրերով` պարանը, որով զինվորը կախվել է, չի պատկանել զորամասին եւ, առհասարակ, նման պարան զորամասում չի էլ եղել: Եւ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կոնկրետ անձ է Վահան Մուշեղյանին պարանը տվել: Իրավապահները գտել եւ քննել են պարանը կախված զինվորին տվողին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է անձի ինքնությունը, նաեւ թե ինչ նպատակով է նա պարանը տվել, սակայն նախաքննության շահերից ելնելով` առայժմ անուններ չենք հրապարակում:

Քնար Մանուկյան




Լրահոս