ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնիներ, որոնք տեսել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և հրաշքով փրկվել…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվական` դեկտեմբերի 7: 25 հազար հոգու կյանք խլած եւ 500 հազարից ավելի մարդու անօթեւան թողած աղետալի երկրաշարժը ցնցեց Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը եւ այլ քաղաքներ ու գյուղեր: Հայտնիների շրջանում եւս կան այնպիսիք, որոնք հիշում են հայերիս համար ողբերգական այդ օրը: Մի մասն ունեցել է անդառնալի կորուստներ, մյուս մասը՝ փրկվել հրաշքով: 31 տարի անց էլ սպիները չեն ապաքինվում, սակայն երկրաշարժի ականատեսներն իրենց մեջ գտել են ուժ հողին ամուր կանգնելու եւ առաջ շարժվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է հայտնիների պատմությունները՝ կապված 1988-ի երկրաշարժի հետ:

Դերասան, ռեժիսոր Սամվել Սարգսյան

Թեեւ դերասանը բնիկ երեւանցի է, բայց ճակատագրական այդ օրը գտնվում էր Գյումրիում: Երկրաշարժը նրանից խլեց ամենաթանկը՝ սիրելի կնոջն ու 7-ամյա որդուն: Սամվել Սարգսյանին առաջարկվել էր աշխատել Հայաստանի երեք քաղաքներից որեւէ մեկի թատրոնում: Ճակատագրի բերումով նա ընտրել էր հենց Գյումրին, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Հենց այդ թատրոնի դաշնակահարուհուն էլ սիրահարվել էր ռեժիսորը: Հետո նրանք ամուսնացել էին, կինը ռեժիսորին որդի էր պարգեւել…

Դերասանուհի Անի Պետրոսյան

Անին ծնվել, մեծացել է հենց Գյումրիում, սակայն նրա պատմությունն ուրախ ավարտ ունի: Ավերիչ երկրաշարժի ժամանակ Անին եղել է 7 տարեկան, գտնվելիս է եղել դպրոցում: Դասի ժամանակ նրա դասղեկն անընդհատ հետաձգել է դպրոցի մյուս կորպուս տեղափոխվելու գործընթացը: Եվ եթե նա այդ քայլին չգնար, ամբողջ դասարանից ոչ ոք ողջ չէր մնա. այդ կորպուսից ոչ ոք չի փրկվել: Իսկ հենց երկրաշարժի պահին նա նույնիսկ իր երեխաների մոտ չի վազել մինչեւ այն պահը, երբ սաներից ամեն մեկին հանձնել է իր ծնողին: Անին մինչ օրս ասում է, որ կյանքով է պարտական իր դասղեկին:

Երգչուհի Իրինա Հարությունյան

Իրինան եւս ծնունդով գյումրեցի է: Նա երկու տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգական աղետը: Այդ պահին Իրինան եղել է մանկապարտեզում, ու թեեւ փոքր էր, այսօրվա պես հիշում է երկրաշարժը, մանկապարտեզի շենքի ցնցումները եւ այն, որ ներսում հնարավոր չէր տեղում կանգնած մնալ: Մինչ օրս նրա ականջին է հասնում մանուկների ճիչը, գոռոցները… Բարեբախտաբար, չարաբաստիկ երկրաշարժն Իրինայի ընտանիքի անդամներից ոչ ոքի չի խլել, բայց բարեկամներից շատերին չի շրջանցել: Կանգուն է մնացել նաեւ Իրինայի պապիկի կառուցած երկհարկանի տունը:

Դերասանուհի Անահիտ Քոչարյան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը երկրաշարժի օրը մասնակցում էր Խորեն Աբրահամյանի (նա այդ ժամանակ Լենինականի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր) հրավիրած ժողովին: Հենց այդ ժողովն էլ փրկեց տիկին Քոչարյանի եւ մյուս դերասանների կյանքը: Այդ օրը ժողովի չներկայացած երկու դերասանուհիները, գրական մասի վարիչն ու դաշնակահարուհին մնացել էին տանն ու… զոհվել (այդ դաշնակահարուհին հենց Սամվել Սարգսյանի կինն էր): Իսկ Անահիտ Քոչարյանի ընտանիքը աղետից երկու օր անց տեղափոխվել է Երեւան, դերասանուհու ամուսնու եղբոր տուն: Սակայն, չդիմանալով հոգեկան տանջանքներին, նրանք երեխաներին թողել են Երեւանում եւ վերադարձել Գյումրի:

Դերասան Ֆրունզիկ Ամիրխանյան

Թեեւ Ֆրունզիկ Ամիրխանյանը ծնունդով արմավիրցի էր, 1974 -1989 թթ. աշխատել է Գյումրու Ս. Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան` համատեղությամբ աշխատելով «Հումորի եւ երգիծանքի» թատրոնում: 1988-ի երկրաշարժի ժամանակ դերասանը կորցրել է իր երկու երեխաներին, որոնք մահացել էին դպրոցում…

Աննա Բաբաջանյան




Լրահոս