ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը Արցախի հարցում համաձայն է Փաշինյանի հետ. մանրամասներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչն արտացոլվում է առաջնորդների կանոնավոր հանդիպումներում, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումների ընթացքում: Երեկ նման հայտարարություն արեց Ռուսաստանի Դաշնության Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը Երեւանում կայացած ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ հանդիպումից հետո։

Համատեղ ասուլիսի ժամանակ երկու կողմն էլ բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթին համատեղ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություներով` հանդիպումը բավականին ակտիվ եւ դինամիկ է անցել, նույնիսկ նախատեսված ժամանակից մի փոքր ավել է տեւել, քանի որ քննարկվելիք հարցերը շատ են եղել: Ընդ որում, դրանք տարբեր թեմաների շուրջ են եղել,սակայն ինչպես եւ սպասելի էր, կենտրոնում եղել է Արցախյան հակամարտության հարցը:

Մեր տեղեկություններով` հանդիպման ընթացքում երկու կողմի պատգամավորներն էլ միմյանց ակտիվ հարցեր են հղել: Բացի Արցախյան հակամարտության թեմայից, ԲՀԿ խմբակցությունը հանդիպման ընթացքում խոսել է նախօրեին Տավուշում տեղի ունեցած լարվածության մասին, իսկ մյուս պատգամավորներն էլ ընդգծել են,թե այդ կրակոցներն արվում են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած զենքով՝ կրկին բարձրացնելով սպառազինությունների վաճառքի թեման:

Իսկ ռուսական կողմն էլ կրկին արդարացել է, թե` եթե ինքը չվաճառի զենքը ադրբեջանական կողմին, դա կանի մեկ ուրիշը, ինչն ավելի վատ է, եւ, ըստ էության, կրկին «երեսով տվել» այն հանգամանքը, որ ՀՀ-ին զենքը տրվում է անվճար: Սակայն, չնայած այս ամենին, ռուսական կողմի ներկայացուցիչները բավականին ակտիվ, հանգիստ եւ հայամետ են խոսել, որից զարմացել է նաեւ հայկական կողմը, եւ ընդհուպ Արցախյան հակամարտության հարցում կրկնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե հարցը պետք է կարգավորվի եռակողմ համաձայնությամբ՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի: Մեր տեղեկություններով` հայկական կողմից ամենաակտիվը եղել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն մյուսներն է ետ չեն մնացել:

Հանդիպումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Ռուսաստանի Դաշնության Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օլեգ Մորոզովին, որը եւս մեզ հետ զրույցում բարձր գնահատեց անցկացված հանդիպումը: «Մենք շատ բաց ենք, կաշկանդված չենք խոսել որեւէ թեմայից, մենք միմյանց տալիս ենք սուր հարցեր եւ ստանում անկեղծ պատասխաններ: Փորձում ենք բացատրել մեր տեսակետները. եթե որոշ հարցերում կան անհամաձայնություններ, չնայած պետք է ասեմ, որ շատ հարցերում մենք մեկ ընդհանուր տեսակետ ունենք: Մենք ընդհանուր առմամբ գտնում ենք եզրեր միմյանց հետ շփման մեջ, եւ այսօրվա քննարկումը դրան եւս կարող է նպաստել», – նշեց նա:

Մորոզովը մեզ հետ զրույցում հաստատեց, որ քննարկման ժամանակ հայկական կողմը բարձրաձայնել է կրկին անգամ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին եւ ստացել ավանդական պատասխան: Նա եւս, անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, կրկնեց ՀՀ վարչապետի խոսքերը. «Մենք պարզաբանել ենք մեր տեսակետն Ադրբեջանի հետ կապված: Առաջին հերթին զենքի վաճառքի առումով դրանք տարբեր գործարքներ են. Հայաստանւը այն ստանում է որպես ՀԱՊԿ գործընկեր իսկ Ադրբեջանը այն գնում է: Մենք չենք համարում ճիշտ, որ Ադրբեջանը այն գնի այլ երկրներից, եւ կարծում ենք` այդ դեպքում կձեւավորվի անտիհայկական ֆրոնտ, որը կսկսի պաշտպանել Ադրբեջանին եւ նրան զենք վաճառել: Դա լավ լուծում չէ Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման առումով: Իսկ Արցախյան հիմնահարցի առումով մենք կիսում ենք այն տեսակետը, որ այն պետք է լուծվի երեք կողմերի հետաքրքրությունների շրջանակում: Մենք այդ մասին խոսում ենք Ադրբեջանի հետ, ասում, որ այն ճիշտ ֆորմուլա է: Փորձում ենք դա հասցնել Ադրբեջանին եւ ասել,որ այլ տարբերակ հնարավոր չէ»:

Սակայն հետաքրքիր է, որ ռուսական կողմը տեղյակ չի եղել Տավուշի հատվածում նախօրեին տիրող լարվածությունից: Ամեն դեպքում, հայկական կողմին նրանք այդպես են ասել եւ խոստացել ուսումնասիրել, թե ինչ է կատարվել: «Մեզ դետալների մասին պատմել են, եւ, իհարկե, դա անթույլատրելի երեւույթ է, երբ սահմանին այդպիսի իրավիճակ է, բայց մենք ցանկանում ենք ավելի լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածը», – եզրափակեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս