«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայ՝ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Պատգամավորները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամներից երկուսը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացակայել են նիստից: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ ի սկզբանե նիստի ժամանակ ներկայացվել են պատճառաբանությունները պատգամավորների բացակայության վերաբերյալ՝ մեկը հիվանդ է եղել, մյուսը քաղաքից է բացակայել: Նիստը տեւել է երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր տեղեկություններով՝ Օհանյանը համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:
Եւ այսպես, նախքան նիստին մասնակցելը Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ինչո՞ւ, ի՞նչ էր քննարկում ԱԺ նախագահի հետ: Դա եղել է «քաղաքավարության այց ազգային ժողովի նախագահին, քանի որ ես երկար տարիներ աշխատել եմ գործադիրում, սերտ համագործակցության մեջ եմ եղել ԱԺ-ի հետ եւ ԱԺ տարբեր միջոցառումների, հաշվետվություններրի, հարցուպատասխանի այցելության ժամանակ միշտ հանդիպել եմ ԱԺ նախագահների հետ:
Այս անգամ էլ, հաշվի առնելով, որ ինձ հրավիրել էին ապրիլյան հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ տարբեր հարցեր քննարկելու, օգտվելով առիթից, կարճ, քաղաքավարության, բարեկրթության այց եղավ ԱԺ նախագահի մոտ: Մենք խոսել ենք տարբեր թեմաների մասին, այսօրվա իրականության մասին խոսեցինք, կարճ, հիմնականում ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, որից հետո ես դուրս եկա եւ գնացի նիստին մասնակցելու»,- բացատրեց Օհանյանը:
Իսկ ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ի սկզբանե Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումըհենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետեւանքները, քաղել են համապատասխան դասերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ունշել, որպետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղիունեցել ապրիլյան քառօրա պատերազմի ժամանակ, ինչպես է այն սկսվել, ինչ գործողություններ են իրենք իրականացրել, ինչ տեղեկատվություններ է Սեյրան Օհանյանն այդ ժամանակ ունեցել, ինչ հրահանգներ է տվել, ու իրեն ինչ են զեկուցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը,ինչի մասին ինքը տեղյակ է եղել: Խոսել է նաեւ իր կատարած գործողությունների մասին ու, կարելի է ասել, հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածը իրարից ոչ մի բանով չեն տարբերվել: Անգամ նշվել է, որ այն,ինչի մասին խոսում է Օհանյանը, դրա մասին իրենք տեղեկատվություն վաղուց են ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հիմնական հարցումները վերաբերել են նրան, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները, որ ապրիլյան քառօրա պատերազմի ժամանակ զինվորները զենք չեն ունեցել ու կռվել են բահերով: Օհանյանն ասել է, որ նման բան չի եղել, սպառազինության հարցում իրենք որեւէ խնդիր չեն ունեցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ գրեթե նույն բանն են հանձնաժողովին ներկայացրել առաջնագծից հրավիրված այն անձինք, որոնք անցած տարի են քննիչ հանձնաժողովում հարցաքննվել: Մեր տեղեկություններով՝ ընթացում եղել են կրկնվող հարցեր, որոնց կրկին Օհանյանը մեծ սիրով անդրադարձել է, պատմել ու ներկայացրել այն ամենը, ինչն իրեն է հայտնի եղել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եւս ակտիվ են եղել, հարցեր են ուղղել ՊՆ նախկին նախարարին, խոսել են նաեւ այն հարցի վերաբերյալ, որ, ըստ տեղեկությունների, զինվորները բժշկական օգնություն ժամանակին չեն ստացել: Օհանյանը կրկին հակադարձել է ու նշել, որինքն ամեն վայրկյան տեղեկություն է ճշտել այդ հարցերում, ու իրեն զեկուցել են, որ ամեն ինչ իր ժամանակին իրականացվել է: Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ մանրամասն քննարկվել են նաեւ հակառակորդի կատարած գործողությունները, այն հարցերը, թե ինչպես է եղել հարձակումը,ու առաջին պաշտպանությունը ինչպես է իրականացրել մեր հրամանատարական կազմը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ իրենք էլ պատերազմից հետո ամեն ինչ արել են՝ հասկանալու համար, թե որոնք են եղել իրենց թերացումները, խնդիրները, ու իրենք ամեն քայլ արել են, որպեսզի առաջիկայում նման դեպքերը չկրկնվեն: Նիստի ավարտից հետո Օհանյանին շնորհակալություն են հայտնել իրենց հարցերին պատասխանելու համար:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ