ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կիրովի մանկական այգում. քաղաքապետարանն ընդդեմ ընկերության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Սատուրն-Ա» ընկերությունը 2014 թվականից սկսած Երեւանի Կիրովի անվան մանկական այգում կառուցում է խաղասրահ, սրճարան, հանդերձարան, բացօթյա բեմ: Սակայն մոտ 6 տարի է, ինչ ընկերությանը չի հաջողվում այդ շինություններն ավարտին հասցնել: Ավելին, մինչեւ 2017 թվականի ավարտը այգու ներսում պետք է տեղակայված լիներ 5 շինություն, սակայն դրանցից երեքը դեռ պատրաստ չէ:
Պարզվում է՝ 2015 թվականի փետրվարին կառուցապատող «Լեւոն Ամիրխանյան»ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանն ինքնասպանություն է գործել, ինչի պատճառով «Սատուրն-Ա»-ն սկսել է շինարար փնտրել եւ ժամանակ կորցրել: Այնուամենայնիվ, ագու տնօրեն Ստեփան Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ ձգձգվում են այգու ներսի շինարարական աշխատանքները: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նախորդ տարի ընկերությունը նախագծի նոր, փոփոխված տարբերակն է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Դեռ արձագանք չկա:  Մինչ քաղաքապետարանը ուսումնասիրում է ներկայացրած նոր նախագիծը, «Սատուրն-Ա» ընկերությունը դիմում է դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ պահանջում շինթույլտվությունը եւս երկու տարով երկարաձգել:
Պարզվում է՝ դատարանը վճիռը կայացրել է հօգուտ «Սատուրն-Ա» ընկերության: Բայց չնայած սրան՝ քաղաքապետարանը դեռ ուսումնասիրում է: Այժմ ընկերության տնօրենը տեղյակ չէ՝ քաղաքապետարանը կբողոքարկի՞ դատարանի որոշումը, թե՞ ոչ: Նշենք, որ «Սատուրն-Ա» ՍՊԸ-ն այգին վարձակալել է 2002 թվականից մինչեւ 2052 թվականը: Ընկերությունը նախատեսում է այգու ներսում կառուցել խաղասրահ, շախմատի ակումբ, սրճարան, հանդերձարան:
Նշենք, որ «Սատուրն-Ա» ընկերության բաժնետերերը պատահական մարդիկ չեն: Նախ՝ ընկերության տնօրենը Ստեփան Մինասյանն է, որը նաեւ Կիրովի անվան մանկական այգու տնօրենն է: Բացի այս, ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության բաժնետերեր են նաեւ եղբայրներ Գեւորգ եւ Գոռ Ղալումյանները, որից ոստիկանության նախկին աշխատակից, պաշտոնաթող գնադապետ Ղեւոնդ Ղալումյանի որդիներն են:
Ընկերության բաժնետերերից է նաեւ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի եղբայր Աշոտ Ղուլարյանը: Աշոտ Ղուլարյանը եւ Ղեւոնդ Ղալումյանը հորեղբոր որդիներ են։  Զրույցի ընթացքում այգու տնօրենին փոխանցեցինք, որ այգու որոշ հատվածներ կեղտոտ են, ծառերի ճյուղերն էտվել են, բայց չեն հավաքվել, բարձրաձայնեցինք նաեւ ժանգոտված խաղարանների հարցը: Պարզվեց, որ ընկերությունը պահեստավորած նոր խաղարաններ ունի, որոնք կարող է այգում տեղադրել միայն՝ հնի ապամոնտաժելուց հետո: Իսկ թե երբ են դրանք ապամոնտաժվելու, այգու տնօրենը հստակ ժամկետ չնշեց: Միայն ասաց, որ սպասում է սնանկացման փուլում գտնվող «Կենտրոն Կանաչապատում» ընկերության սնանկացման գործով կառավարչի պատասխանին:




Լրահոս