Ուղևորափոխադրում իրականացնող և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մշտադիտարկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադվել են ուղեփակոցներն ու անցակետեր։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն մեքենաները, որոնցով երթևեկում են քաղաքացիները և հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տվյալ վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Ոստիկանության կարգախմբերն ու ծառայողները հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում մի շարք ուղղություններով»,- նշեց Սարգսյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, կանգառներում քաղաքացիների կողմից դիմակ կրելը, տաքսիների վարորդների կողմից ուղևորների առկայության դեպքում պարտադիր դիմակի կրելը, կողքի նստատեղի ուղևորի բացառելը պարտադիր է։ ՀՀ ոստիկանապետը նաև ասաց, որ հանրային տրանսպորտում նույնպես բոլոր քաղաքացիները, ինչպես նաև վարորդը պարտավոր են կրել դիմակ։ Հանրային տրանսպորտի վարորդը նաև պետք է հետևի այլ կանոնների, այսինքն՝ պարբերաբար ախտահանի ձեռքերը։
«Ընդհանուր առմամբ, վերջին օրերին իրականացված վարչարարության ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Այս գործընթացը լինելու է շարունակական, սակայն այս ամենի նպատակը ոչ թե վարչարարություն իրականացնելն է, այլ քաղաքացիների կողմից անհրաժեշտ կանոնների պահպանման պատշաճ ապահովումը»,- նշեց Սարգսյանը։
Ոստիկանապետը հորդորեց քաղաքացիներին հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներ իրականացնելուց, արշավներ և ուխտագնացություններ կազմակերպելուց։ Նա հավելեց, որ որոշ ուխտատեղիներում մայիսի 28-ին նկատվել է քաղաքացիների շարժ։