Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, լսել եմ պատերազմի տարիներին։ Մեր երիտասարդ լեգենդար հրամանատարներից է եղել, երեք «Մարտական խաչ»-ի ասպետ, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնները, նաև Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը։

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նոր, որակական փոփոխություններ են մեզ պետք լինելու, և Հայաստանի իշխանությունների հետ մենք պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավականին լուրջ համագործակցության որակ է հաղորդելու»,- ասաց Հարությունյանը։




Լրահոս