Հայաստանը նոր վարկ կվերցնի. որ ծրագրերի վրա կուղղվեն դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում հավանություն կտա Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Նշենք, որ Հայաստանի և ՎԶՄԲ միջև այս տարվա ապրիլի 21-ին ստորագրվել է «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը 17,9 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծրագիրը հանդիսանում է 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը: Հիմնական վարկային համաձայնագրի միջոցներից 17,6 մլն ԱՄՆ դոլարը հատկացվել է Հայաստանի խոցելի համայնքներում 100 համայնքային ներդրումային միկրոծրագրերի իրականացման համար (մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի մատակարարում, առաջնային առողջապահական հաստատություններ և այլն), որոնցից 89-ն ավարտված են:

Այնուհետև 10,1 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է տարածքային բարեփոխումների շրջանակներում խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ենթածրագրերի իրականացման համար, որի շրջանակներում առ այսօր ավարտվել են 11 ենթածրագրեր (1,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), 8 ենթածրագրեր գտնվում են իրականացման փուլում (1,28 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), ևս 16-ը՝ նախապատրաստվում են (հաշվարկային արժեքը՝ 2,3 մլրդ ՀՀ դրամ): Ենթածրագրերը հիմնականում ուղղված են խոշորացված համայնքներին՝ կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների մատակարարմանը համայնքային ծառայություններ մատուցելու կամ բարելավելու համար, ինչպիսիք են՝ աղբի հավաքում, փողոցների վերանորոգում և ձյան մաքրում, ինչպես նաև արտոնյալ գներով գյուղտեխնիկայի վարձակալություն ֆերմերներին և այլն։ Հուսանք՝ այս միջոցներն իսկապես ծառայել են իրենց նպատակին։

Ս.Հ.




Լրահոս