Բնիկ երևանցին պետք է արտոնություննե՞ր ունենա․ Բաբկեն Թունյանը` ֆլեշմոբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատրաստ է լսել «բնիկ երևանցի» ֆլեշմոբի մասնակիցներին, հարցեր ուղղել նրանց ու հասկանալ, թե իրենից ինչ է ենթադրում «բնիկ երևանցի» ասվածը:

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում «բնիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» գրությունը։ Խոսքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

ArmLur.am-ի հետ զրույցում Թունյանն ասաց, որ եթե ֆլեշմոբի մասնակիցները կարող են սահմանել «բնիկ երևանցի» ասվածը, ապա միայն դրանից հետո պետք է հասկանալ արդյոք բնիկ երևանցի լինելը նշանակում է, որ մարդիկ պետք է ավելի արտոնյալ պայմաններում լինեն մյուսների համեմատ։ «Լավ ասենք պապական մի քանի սերունդ Երևանում ապրել է այդ տանը, դա տվյալ անձին իրավու՞նք է տալիս, որ 10 տարի առաջ Երևանում ապրածի հետ համեմատած հարկերի առումով արտոնություններ ունենա»,-հարցերց Թունյանը։

Պատգամավորի գնահատմամբ բնիկ երևանցին, սեփական քաղաքի մասին մտածելով, պետք է փորձի ներդրում անել, վճարել հարկերը, քանի որ գույքահարկը տրամադրվում է քաղաքային ծրագրերին, փողոցների բարեկարգմանը, տրանսպորտին, սոցիալական խնդիրներին։ «Եթե մարդիկ գտնում են, որ իրենց ծնողներից, կոմունիստների ժամանակներից տուն են ժառանգել, ու դա պետք է նշանակի, որ ավելի արտոնյալ պայմաններ ունենան, ապա թող հիմնավորեն ու արդեն պատասխան կստանան»,-ամփոփելով խոսքն` ասաց պատգամավորը։

Սոնա Գևորգյան




Լրահոս