Սերժ սարգսյանը մասնակցել է ընդունելության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար: “Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու և, բնականաբար, իրենց լուման ունենալու և՛ քաղաքի, և՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, և  ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը և մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում”,-ասել է ՀՀ նախագահը: Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:




Լրահոս