25 ՄԻԼԻՈՆԻ ԴԻՄԱՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատեցին վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, եւ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Նարեկ Սարգսյանի պաշտպանները դիմել էին դատարան՝ նրա կալանքը գրավով փոխարինելու հարցով, սակայն դատական նիստի ընթացքում դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ դեռեւս շարունակում են առկա լինել Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, եւ, կալանավորումից բացի, այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Պաշտպան Կ. Մեժլումյանը հայտնեց, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, հարցաքննվել են բոլոր վկաները, բացի այդ, պատրաստվում են դատաքննության ժամանակ միջնորդել արագացված դատական քննություն կիրառելու վերաբերյալ, հետեւապես՝ վերացել են կալանավորման հիմքերը: Միաժամանակ խնդրեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել գրավով՝ գրավի գումարի չափ սահմանելով մինչեւ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը կամ այլ ողջամիտ չափ:

Իսկ, ահա, դատախազը առարկեց գրավի միջնորդության դեմ՝ հայտնելով, որ այլ խափանման միջոցը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Նկատեք, որ տուժող Արամ Կարապետյանին ծանուցագիր է ուղարկվել դատական նիստի վերաբերյալ, նաեւ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է կայանալիք դատական նիստի վերաբերյալ, սակայն վերջինս հայտնել է, որ, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող ներկայանալ դատական նիստին:

Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետեւ դրանք թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած` Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:

Նույն ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ: Ինչպես նաեւ Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել կոկային տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել եւ ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առեւանգումը:

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին:

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, եւ մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող:

Չափազանց կարեւոր էին նաեւ ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու եւ չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք: Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաեւ ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային եւ տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել եւս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը, եւ մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին:

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, եւ մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում եւ բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետեւողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես եւ ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին եւ այլն։

Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած անկարգությունները։ Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են եւ ենթարկվելու են պատասխանատվության:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Արցախում  հրադադարի հաստատման հայտարարության հետ կապված շրջանառվեց, ապա հերքվեց խորհրդային շրջանում Ադրբեջանի Ղազախի շրջանին  պատկանող 7 գյուղերի տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին պայմանավորվածությունը։ Նախկինում ադրբեջանաբնակ, ավերակների վերածված գյուղերի տարածքները հայկական  վերահսկողության տակ են հայտնվել 1990-94 թվականներին տեղի ունեցած հայ-ադրբեջանական  զինված բախումների  հետեւանքով։ Այդ գյուղերն են՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի:

Վերջին գյուղը, որ Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի  արեւելքում է, գտնվում է չեզոք գոտում: Մինչդեռ Տավուշի մարզից հազարավոր հեկտար տարածքներ   վաղուց գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Բերդ համայնքի մաս կազմող սահմանամերձ  Չինարի գյուղի  որոշ տարածքներ  1990-ական թվականներից Ադրբեջանի վերահսկողության  տակ են։ Դրանցից են Ադրբեջանի Թովուզի շրջանի  Աղդամ գյուղի արեւմտյան թաղամասը, Սեւաքար (Ղարադաշ) բարձունքը։ Այդ բարձունքում 2020թ. հուլիսի12-14-ը հայկական եւ ադրբեջանական զինուժի միջեւ մարտեր ընթացան։ Այդ սարի արեւելյան փեշերը եւ  Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը, որոնք  խորհրդային ժամանակաշրջանում հայկական տարածքներ էին,  Ադրբեջանի ձեռքում են։  Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Ալիբեյլի հատվածում Ադրբեջանը սահմանը խախտել է երկու ուղղություններով:  Թովուզի շրջանի  Ալիբեյլի գյուղի արեւմտյան հատվածի այգիների մի մասը Հայաստանի տարածքն է, իսկ դեպի Ներքին Կարմիր Աղբյուր՝ հյուսիսարեւմտյան հատվածում, ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մի քանի տներ կառուցվել են Հայաստանի տարածքում: Տարածքային կորուստներ ունենք Իջեւանի տարածաշրջանում: Դեռ 1990-ականներին Բերքաբեր գյուղի  այգիներից մոտ 1 100 հեկտարը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ դրանք  Ջողազի ջրամբարի արեւելյան եւ հյուսիային հատվածում են, դրանք աշխարհագրորեն լավ վերահսկելի են Ադրբեջանի տարածքում գտնվող  շրջակա բարձունքներից: Ղազածխի շրջանում գտնվող Մազամ-Ղազախ ճանապարհը անցնում է հայկական տարածքով, որը արդեն 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի  հողերից շուրջ 1500 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները դրա մի մասը մշակում են, ցորեն են ցանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս