ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ 36-ամյա Արման Հարությունյանը իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին դեպի Սեւան ընթանալիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Շահեն Գեւորգյանի վարած իԼխ մակնիշի համարանիշի բեռնատարին։ Վթարի հետեւանքով Land Rover-ի վարորդ Ա. Հարությունյանը եւ նրա ուղեւորուհին, ում տվյալները պարզվում են, տեղում մահացել են։ Իսկ իԼխ-ի վարորդ Շ. Գեւորգյանն ու նրա ուղեւորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 64-ամյա Արարատ Մանուչարյանը եւ 57-ամյա Մովսես Մովսեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սեւան» բժշկական կենտրոն։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ընտրություններին մասնակցելու համար ինչ է անհրաժեշտ կուսակցության համար։ Խնդրում եմ ասել տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններն ու տարբերությունները։

Միքայել Փանոսյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կուսակցության ստեղծման գործընթացում տարբերություններ առկա չեն։ Կուսակցությունները կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին։ Իսկ բուն ընտրական գործընթացների վերաբերյալ առանձնահատկությունները նախատեսված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ով պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Անժելա Մարտիրոսյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում դիմողը լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը: Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

 

 

 

 




Լրահոս