Պաշտոնյաների հարաբերությունները լարված չեն. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունվարի 15-ին ArmLur.am-ը հրապարկել էր «Արդարադատության նախարարն ընդդեմ Քննչական կոմիտեի նախագահի. խորհրդականի հետքերով» վերնագրով հոդված: Այս հոդվածի առնչությամբ առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում են ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայտարարում ենք, որ ամբողջ հրապարակումն ակնհայտ ապատեղեկատվություն է և պարունակում է զրպարտության տարրեր։

Ի լրումն տեղեկացնենք, որ 2018 թվականին «Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, «Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ»: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ այս Հանձնաժողովում ներկայացված է դեռևս 2018 թվականից, հետևապես հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունից արված հետևությունները ևս մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում։

Ավելին, «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 31-րդ հոդվածով և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.11.2014 թվականի թիվ 12 Ա հրամանով հաստատված հավելվածով հստակ սահմանում են Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ինչպես լիազորություններն, այնպես էլ խնդիրները: Ըստ դրանց՝ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի խնդիրն ու նպատակն է իր գործունեությամբ նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, նպաստել ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը, կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Հետևաբար,Հանձնաժողովի գործունեությունը ենթադրում է բավական լուրջ և մասնագիտական գործունեություն, որը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել կոնկրետ անձի դեմ ուղղված գործունեություն՝ դրանով նսեմացնելով Հանձնաժողովի դերակատարումն իր առջև դրված խնդիրների կատարման մեջ:

Հարգանքով՝

Լուսինե Մարտիրոսյան
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար

Հարգանքով՝

Ռիմա Եգանյան
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
բաժնի պետի պաշտոնակատար
15․01․2021թ․»:




Լրահոս