«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել: Ու քանի որ, ըստ մեր աղբյուրների, դրանք նա պահել է «ստվերում» ու տեղյակ չի պահել «շեֆությանը», նրան ասվել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի:
Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ «Փաստ» թերթը մասնավորաբար գրեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ցանկանում է վաճառքի հանել պետական բուհերին պատկանող որոշակի շենքեր, շինություններ ու տարածքներ, ուղղորդում և խոստումներ են տրվում այդ տարածքների վրա աչք ունեցող պոտենցիալ «գնորդներին»:
Ըստ տեղեկությունների, այս հարցում կարևոր գործոն է համարվում առիթից օգտվելը, քանի որ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը լիարժեք տապալված է, իսկ երկրում տիրում է համակարգային քաոս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։