ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԵԼ ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը երկարատեւ դադարից հետո շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր ստենդ-ափ, որը կոչվում է «Աղասու 10 կանայք»: Աղաս Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է  արտագաղթելու մասին լուրերին:

 

«2020 թվականին, կարծում եմ, չկա այնպիսի մի մարդ, ում համար ծանր տարի եղած չլինի եւ՛ ֆինանսական, եւ՛ հոգեբանական առումով: Ծանր էր հատկապես ոլորտի մարդկանց համար. եթե պետական աշխատավայրերում աշխատող մարդկանց համար աշխատանքը շարունակվում էր, ապա մեր աշխատանքը կապված էր միջոցառումների հետ, որոնք կասեցվել էին: Իսկ այս տարի, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, կարծես թե ամեն բան կարգավորվում է: Թատրոններն արդեն սկսել են իրենց բնականոն աշխատանքը, մարդիկ սկսել  են հաճախել ժամանցի վայրեր, մնում է մեր քաղաքական կյանքն էլ բարելավվի, ամեն մարդ զբաղվի իր գործով, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»,-նշեց Աղաս Մանուկյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջիկայում հեռուստադիտողների դատին կներկայացնեն «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը, որը եթեր կգա փետրվար ամսի վերջին, իսկ, ահա, մարտի 9-ին սպասվում է Աղաս Մանուկյանի «Աղասու 10 կանայք» ստենդ-ափի պրեմիերան:

«Անկեղծ ասած, այս ստենդ-ափը բավականին փորձություններով է արդեն անցել: Ինչո՞ւ եմ այդպես ասում. քանի որ այն պետք է հեռուստադիտողին ներկայացնեի դեռեւս 2020 թվականի ապրիլի 1-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով հետաձգվեց, իսկ երբ արդեն նախագծում էինք պրեմիերան անել, սկսվեց արցախյան պատերազմը: Այս անգամ հուսով եմ, որ այդպես ֆորսմաժորային իրավիճակներ տեղի չեն ունենա, եւ, առհասարակ, այս տարվա հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ, որ գոնե նորմալ, բնականոն հունով աշխատենք եւ կյանքին վերադառնանք:

Հարցին, թե արյդոք ցանկություն չունի երկրից արտագաղթելու, մեր զրուցակիցն ընդգծում է. «Անկեղծ ասած, ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք գնում են երկրից աշխատանքի նպատակով: Ես երկրից գնալու ցանկություն չունեմ, ասեմ ավելին՝ ես հիմա ցանկություն ունեմ Երեւանում բնակարան գնելու: Եթե ուզենայի երկրից մեկնել, բնականաբար չէի պատրաստվի այստեղ բնակարան գնել: Հիմա Վանաձորի բնակարանս վաճառելու գործընթացի մեջ եմ. երբ այն վաճառվի, կունենամ կանխավճար եւ հուսով եմ՝ այստեղ կկարողանամ իմ ցանկացած բնակարանը գնել, իսկ ապագայի հետ կապված դեռ ոչինչ չեմ կարող ասել, տեսնենք, թե ինչ կլինի: Ես իմ աշխատանքը, իմ առաջիկա պլանները, իմ երեխաների, ընտանիքիս ապագան կապում եմ իմ երկրի հետ: Ես մնում եւ շարունակում եմ ստեղծագործել իմ հայրենիքում»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»-Ն ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ

Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) այս տարի եւս միացել է Գիրք նվիրելու տոնին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, տոնին ընդառաջ «Դոմ Մոսկվի»-ին «Ռուսական կենտրոն»-ին նվիրեց գեղարվեստական գրականություն։

 

«Ռուսական կենտրոն»-ը բացվել է նախորդ տարի «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ։ «Ռուսական կենտրոն»-ում երեխաների համար անցկացվում են ռուսերենի անվճար դասընթացներ։  Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված ռուս մանկագիր Ագնիա Բարտոյին։ Կրթական կենտրոնի սաները բաց դասի ընթացքում կարդացել են ռուս մանկագրի ստեղծագործությունները։

«Գիրք նվիրելու կարեւոր արշավին միանում ենք ամեն տարի եւ մեծաքանակ գեղարվեստական գրականություն նվիրում։ Այս տարի կարեւոր նախաձեռնությունը համընկավ ռուս մանկագիր Ագնիա Բարտոյի ծննդյան տարեդարձի հետ։ Տեսնելով փոքրիկների սերը եւ ռուսերեն սովորելու մեծ ցանկությունն ու ոգեւորությունը՝ մենք էլ ցանկանում ենք ավելի շատ այսպիսի դաընթացներ անցկացնել», – նշել է Երանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մինչեւ օրս Գիրք նվիրելու տոնի շրջանակում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մեծաքանակ գեղարվեստական գրականություն է նվիրել ՀՀ  մարզային եւ դպրոցական գրադարաններին։ Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ եւ գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովի՝ պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը հետաձգվել է: Հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտը նախատեսված էր փետրվարի 27-ին: Բաչկովի մրցակիցը դեռեւս հայտնի չէր: Մենամարտը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում: Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր: Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ, որի վրա գրված էր եղել. «Հայաստանի՛ պաշտպաններ, մեր անպարտելի՛ զինվորներ, մենք կանգնած ենք ձեր կողքին»:

 

 

ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը:  Փետրվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու ակադեմիայի մարզադաշտում կկայանա «հյուսիսային դերբին»` «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ: Փետրվարի 21-ին տուրը կեզրափակվի երկու հանդիպումով` «Արարատ»-«Ուրարտու»` 14:00, Չարենցավանի քաղաքային մարզադաշտ, եւ «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»` 14:45, «Ուրարտու-3» մարզադաշտ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը եւ «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը եւ «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 

 

 

ՌԵԿՈՐԴ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղերի արդյունքում սահմանվել է արդյունավետության ռեկորդ: 16 խաղերում գրանցվել է 59 գոլ: Դա մրցաշարում ռեկորդային ցուցանիշ է մեկ խաղային երեկոյի ընթացքում գրանցված գոլերի ցուցանիշով: Հիշեցնենք, որ ամենաագոլառատ խաղերն էին «Յանգ Բոյզ»-«Բայեր» եւ «Անտվերպեն»-«Գլազգո Ռեյնջերս» դիմակայությունները: 6-ական գոլ գրանցվեց «Օլիմպիակոս»»-«ՊՍՎ Էյնդհովեն» ու «Մոլդե»-«Հոֆենհայմ»  խաղերում: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները տեղի կունենան փոտրվարի 24-25-ին:

 

 




Լրահոս