Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թվում քայլում էր նաեւ ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն: Նրա հետ զրուցել ենք մի քանի հարցերի եւ երեկ Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության շուրջ: Ազատամարտիկը կարծիք արտահայտեց, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է մաքրած լիներ Գենշտաբը:
-Պարո՛ն Խուդավերդյան, Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում եւ պահանջում են, որպեսզի վարչապետը հրաժարական չներկայացնի: Ընդդիմությունն էլ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ եք կարծում, սա բախումների չի՞ բերի:
-Ես կասեմ, որ սա աջակիցների եւ ոչ աջակիցների խնդիրն է: Հայ ժողովուրդը, որը տապալեց կլանային իշխանությունը, որոնց գործունեությունը ապացուցվեց պատերազմի դաշտում՝ ի պարտություն հայկական կողմի, քաշվել է մի կողմ, եւ ժողովուրդը պաշտպանում է վարչապետին, որին ընտրել է, որով նա բերեց ժողովրդավարության սկիզբը Հայաստանում եւ միահամուռ կանգնեց արհավիրքի առաջ: Ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի այն կողմը, որը որ այս կամ այլ երկրների ցուցումով հայոց պետականության անկումն է ուզում, բերի այդ անկմանը:
-ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ամբողջ անձնակազմը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այսինքն՝ իրենք էլ էին կիսում, որ պատերազմի մեղավորը Փաշինյանն է, եւ նա պետք է հեռանա: Դուք այս կարծիքին չե՞ք:
-Ես այդ կարծիքին չեմ ի սկզբանե: Զարմացած եմ անգամ Գլխավոր շտաբի այդ հայտարարության վրա: Վաղուց պետք է Գլխավոր շտաբը մաքրած լիներ պատերազմի ժամանակվա զինվորական գործունեության մեջ սխալներ թույլ տված բոլոր զինվորականներին, բարձրաստիճան սպաներին, փախածներին, որպեսզի այսօր Հայաստանում ամեն ինչ մարվեր, եւ միավորվեր ժողովուրդը պետություն եւ ժողովուրդ պահելու գործընթացին: Իսկ կատարվում են այնպիսի բաներ, որոնք, կարծեք թե, այս կամ այն երկրի ցուցումների, «Իսկանդեր»-ի խոսակցությունից հետո զարգացած երեւույթների արդյունք եմ տեսնում, որտեղ կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը իր վերջնական ազդեցությունն է ներկայացնում՝ ընդդեմ հայոց պետության, պետականության:
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կա՞պ ուներ այս ամենի հետ:
-Ես ուզում եմ կապը տեսնել, որովհետեւ մինչ այդ թող գումարվեր Գլխավոր շտաբում գեներալների հավաքը, եւ ներկայացվեր հրաժարականի պահանջ: Մինչ այդ ոչ մի նմանատիպ քայլեր կամ գործունեություններ չկային, իսկ այդ երեւույթից հետո ռուսական կողմը պարտավոր է տուգանքներ վճարել հայոց պետությանը, որ իր վաճառած զենքերի հաշվին հայոց բանակը, որը մղված էր պարետազմ, կրեց պարտություն՝ հենվելով «Իսկանդեր»-ների արդարացի լինելու վրա: Այն չարդարացրեց մարտական գործողությունների մեջ եղած զինվորականների, մարտիկների հույսը:
-Ռուսական կողմն էլ ասում է՝ ուրեմն մասնագետները չեն կարողացել աշխատեցնել, ինչի համար «Իսկանդեր»-ը չի աշխատել, որովհետեւ չէր կարող այդ զենքի 10 տոկոսն աշխատել: Ի՞նչ կասեք:
-Ռուսական կողմը բարի լիներ, իր մասնագետներին բերեր, ինչպես, օրինակ, օգնում ու օժանդակում էր ադրբեջանական կողմին պատերազմի ողջ ընթացքում:
¬Այսինքն՝ Դուք այս ամենը կապում եք հենց «Իսկանդեր»-ի պատմության հե՞տ:
-Այո, ես այս ամենը տեսնում եմ այդ հայտարարության տեքստի տակ:
-Իսկ ընդդիմության պահանջի մասին ի՞նչ կասեք: 17 կուսակցություններ միավորվել են, առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը ու պահանջում են վարչապետի հրաժարականը:
-Երբ այդ ընդդիմության լիդերները հայրենիքի համար սահմանագծում իրենց կողմից կունենային զոհեր, ընդդիմության վանկարկած կոչերը ես կընդունեի: Ճանաչում եմ շատերին, լուրջ չեմ վերաբերվում իրենց պահանջներին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Երեկ հայաստանյան կուսակցությունները քաղաքացիներին կոչ են արել խուսափել բախումներից, իսկ վարչապետին` հրաժարական տալ:
«Լուսավոր Հայաստանը» նշել է, որ հակառակ պարագայում մեծ է բախումների եւ նոր Մարտի 1-ի վտանգը։ «Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, եւ իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլեւս անհնար է», – ասված է կուսակցության խորհրդի հայտարարության մեջ: Հանրապետական կուսակցությունը վստահ է, որ իշխանությունները «Հայաստանը կազմաքանդելու շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ»։ Գործադիր մարմինն իր անդամներին ու համակիրներին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում:Խորհրդարանական երկրորդ ուժը` ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» էլ կոչ է անում ԱԱԾ-ին, Ոստիկանությանը եւ մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ: ԲՀԿ-ն Զինված ուժերի եւ Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է որակել: «Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի», – ասված է «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարության մեջ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն հանրապետության» կուսակցությունն էլ նախագահին հորդորում է գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար անհապաղ ձեռնարկել բոլոր կողմերի միջեւ քաղաքական խորհրդակցություններ, նաեւ կոչ անում անհապաղ գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:
«Ժառանգություն»-ը եւս կարծում է, որ այս իրավիճակում նախագահը, Ազգային ժողովը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանրային ուժերին շտապ համախմբեն, խորհրդակցությունների միջոցով հաղթահարեն վարչապետական ճգնաժամը:
Նշենք, որ երեկ Հայաստանի զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի եւ կառավարության հրաժարականը։
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել դիմակայել արտաքին ուժերի` իրավիճակը խարխլելու նկրտումներին` հաշվի առնելով մեր սեփական, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուկրաինայի փորձը: Այս մասին նա հայտարարել է հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հանդիպման ժամանակ: «Մենք դա երբեք չենք թաքցրել: Ես այդ մասին անընդհատ խոսել եմ: Շատ դժվար տարի է լինելու,- ասել է Լուկաշենկոն:- Եվ ոչ միայն այն պատճառով, որ հասարակության մեջ Բելառուսի զարգացման գործընթացների հետ կապված որոշ թյուրըմբռնումներ, որոշ ներքին ուժերի եւ հատկապես արտաքին ուժերի` իրավիճակն ապակայունացնելու ցանկություն կա: Չլինեին արտաքին ուժերը, չէր լինի նաեւ այդպիսի ճնշում»: «Բարեբախտաբար, մենք հայտնաբերեցինք այդ բոլոր կենտրոնները, գիտենք Բելառուսից փախածներին, բայց իմանալը բավարար չէ,- նշել է Լուկաշենկոն:- Դրան պետք է դիմադրել: Ինչպե՞ս ենք մենք գործելու իրավիճակի սրման դեպքում. ամեն ինչ պետք է մանրակրկիտ կերպով նախատեսել` հաշվի առնելով Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուկրաինայի, տեսնում եք` Ուկրաինան կրկին բռնկվեց, եւ այլ հետխորհրդային հանրապետությունների փորձը»:
Երեկ կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին ասում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը: «Ա. Գ. Այվազյանը տեղեկացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակի վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմն ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, հույս ունենք, որ այն կկարգավորվի խաղաղ հունով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, եւ անթույլատրելի են Զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության: