ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը խիստ մտահոգիչ է որակում Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: Այս մասին Այվազյանն ասաց հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Խիստ մտահոգիչ են նման զարգացումները: Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերին և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարություններին: Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքի շրջանակներում է, և վստահաբար նկատել եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քննադատել են հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և դրանց ինքնությունը փոխելու ցանկացած միտումները»,- ասաց Այվազյանը:
Արտգործնախարարի պաշտոնակատարը հավելեց, որ այս հարցը մտել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի օրակարգ:
«Դրա մասին վկայում են համանախագահ երկրների դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության մեջ պարունակող դրույթները: Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ, շատ սերտ ենք համագործակցում: Այսօր շատ կարևոր է բարձրացնել այս խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը միջազգային հանրության մոտ: Մենք հետևողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Արա Այվազյանը:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացնում և փորձում է ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում առկա հայկական մշակութային և կրոնական ժառանգության կոթողները: Վերջին օրերին տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը: