Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել եւ իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը եւս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի եւ ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, եւ մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:
Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը եւ այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:
Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի եւ Արցախի հանդեպ»,-ասել է նա։