ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:

 

ՀՀ փոխվարչապետի ժպ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ նախագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները եւ պարտադիր պահանջները: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է նախատեսել հետեւյալ կարգավորումները.

առաջին՝ սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում,

երկրորդ՝ նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը,

երրորդ՝ նախագծով նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաեւ սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում,

չորրորդ՝ նախագծով հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ,

հինգերորդ՝ նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական եւ գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում,  լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը եւ պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ անցած տարի այդ բնույթի մի քրեական գործ է եղել, եւ այդ քրեական գործի քննության արդյունքում բավականին բարդությունների են հանդիպել՝ պայմանավորված պարունակության, թմրանյութի առկայության վերահսկողության հետ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ որոշակի պրոցեսների տեղյակ եղել են: «Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում եք, արդեն ենթաօրենսդրական ակտերի միջոցով պետք է անդրադառնանք»,- ասաց նա եւ նշեց, որ խոսքը փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունների թույլտվության մասին է, որոնք որոշակի ստանդարտների համապատասխանում են:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, ասել է, որ, ըստ էության, նոր ոլորտ են մտնում, եւ ենթադրել, որ մեկ գործողությամբ այս ամեն ինչը կկարգավորվի, այդքան էլ իրատեսական չէ, սակայն կարեւորել է քննարկումները: «Շատ կարեւոր է, որ, ըստ էության, եթե շատ կոպիտ ասենք, հիմա այս որոշումներով, պրոցեսով մտնում ենք արդյունաբերական կանեփի արտադրամասերի թույլտվության: Դրանք, ըստ էության, արտադրական տարածքներ են, ոչ թե դաշտերում ուղղակի ցանում են կանեփ, ըստ էության,  գործարաններ, ջերմոցներ են»,- ասել է նա:

 

 

ԼՀԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ռազմարդյունաբերական համալիրին կից ստեղծել գիտական կենտրոն, որտեղ երկրորդ եւ երրորդ մակարդակի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած անձանց կտրվի տարկետում զինվորական ծառայության զորակոչից:  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն, ստացավ բացասական եզրակացություն:

 

«Նախագծով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով պետության կարիքներից: Եվ սրա համար նախատեսում ենք նաեւ տարկետման հնարավորություն: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ եւ ի սկզբանե կկնքեն համապատասխան պայմանագիրը, որ համաձայն են հետո իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար, կստանան տարկետման իրավունք: Այդ անձինք բակալավրիատը կսորովեն իրենց բուհում, իսկ երկրորդ եւ երրորդ մակարդակի ուսումնառությունը կանցնեն համապատասխան հաստատությունում՝ ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծված, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն ոչ թե վերացական բաներ, այլ կոնկրետ բանակին կամ պետական այլ մարմիններին անհրաժեշտ»,-  ասել է ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն ու վստահեցրել, որ առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակի եւ պետության շահերին:

Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հիշեցրել է արդեն իսկ գործող գիտական վաշտի գոյության մասին: Կառավարությունը դեմ էր նախագծին: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության համար տարկետման տրամադրումը ինչ-ոչ չափով մտահոգիչ է լինելու, ու ներկայացրեց կառավարության դիտարկումները: «Ռազմարդյունաբերական համալիրը՝ տարբեր կառույցներից բաղկացած համակարգը, չի կարող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ իրականացնել համատեղ ծրագիր: Նախագծով լիարժեք եւ հստակ կարգավորված չեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրին եւ դրա իրականացման ընթացակարգին վերաբերող դրույթները եւ այլն»,- ասել է նա:

Գորգիսյանի համար կառավարության հիմնավորումները համոզիչ չէին: Այնուամենայնիվ, հանձնաժողովի քվեարկությամբ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

 

 

 

ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Ապրիլի լույս 29-ի գիշերը՝ ժամը 02.30-ից, մոտ կես ժամ կարկուտ է տեղացել Նոյեմբերյանի տարածաշրջանում։  Վնասները  հատկապես մեծ են  Տավուշի մարզի ամենամեծ Կողբ գյուղում եւ Նոյեմբերյան քաղաքում։ Ապրիլի 29-ի առավոտյան ծառերի տակ, բանջարանոցներում կարելի էր տեսնել դեռեւս չհալված մանր կարկուտի կույտեր։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ ապրիլի 29-ի առավոտյան  Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքի առաջ գտնվող ծառերի տակ կարկուտի չհալված  կույտեր էին, դրանք թափված են նաեւ քաղաքապետարանի շենքի ջրհորդանների մոտ։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ իրենք դեռեւս չեն ճշտել, թե Նոյեմբերյան քաղաքի այգիները եւ ցանքատարածությունները կարկտահարությունից  ինչքան  վնասներ են կրել։ Կ. Աբազյանն ասաց, որ կարկտահարությունից առաջացած սելավները լցվել են Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի եւ Նոյեմբերյանի գեղարվեստի  դպրոցի շենքեր, վնասներ պատճառել։ Առատ տեղացած կարկուտը փակել է մշակույթի կենտրոնի մոտ գտվող սելավատարը, հեղեղը մտել է մշակույթի կենտրոնի առաջին հարկ, այնտեղ լցնելով տարբեր տեսակի աղտեղություն։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում հակակարկտային կայաններ  գործում են միայն Դեբեդի հովտի՝ Այրում  համայնքի  բնակավայրերում, սակայն դրանց օգտակար գործողության  գործակիցը բարձր չէ։ Խորհրդային շրջանում գործող հակակարկրտային հրանոթները իրականացնում էին  դաշտերի եւ այգիների  բերքի արդյունավետ պաշտպանություն։

 

 

ՈՌՈԳԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը  110  հազար  հեկտար են, որի գրեթե 10 տոկոսը՝ շուրջ 10 հազար հեկտարը, գտնվում են սահմանամերձ՝ ադրբեջանական գնդակոծության գոտում՝ հակառակորդի ուղիղ նշանառության  տակ, կամ ականապատ են,  այդ պատճառով չեն մշակվում։ Մարզում առկա վարելահողերի մոտ 25-30 տոկոսը  սահմանագոտու վտանգավոր հատվածում գտնվելու հետեւանքով չի մշակվում։ Տավուշի մարզում հողերի ոռոգման հնարավորությունները սահմանափակ են, ներկայումս  մարզում ոռոգվում է շուրջ 4 հազար հեկտար հողատարածք՝ այգիներ, վարելահողեր։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ  2021թ.  Տավուշի  մարզի  ոռոգման ջրի համակարգում 19 միլիարդ դրամի ներդրում կիրականացվի, որի արդյունքում մոտ 5100  հեկտար նոր  տարածքներ կոռոգվեն, իսկ նախկինում ոռոգվող 3800 հեկտար տարածքներում  կբարելավվեն  ոռոգման  պայմանները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս