«ՍԱՐՍԱՓԵԼԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ Է». ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ ArmLur.am-ը  զրուցել է «Սեր կա» ներկայացման, առաջիկա նորությունների եւ երկրում առկա իրավիճակի մասին:

 

«Արդեն խաղացանկերում կա «Սեր կա» ներկայացումը, որի պրեմիերան եղել է անցած տարի նոյեմբերի 20-ին: Ներկայացումը թարմ է եւ ամեն ամիս խաղացանկերում լինելու է: Բացի այս, պատրաստվում ենք ներկայացնել եւս մեկ ներկայացում՝ կատակերգական ժանրում, որի մասին կխոսեմ մի փոքր ավելի ուշ: Կարող եմ միայն ասել, որ սպասվում է բավականին հետաքրքիր ներկայացում, որտեղ խաղալու են նաեւ իմ մյուս տաղանդավոր կոլեգաները: Իրականում չեմ ուզում բացել փակագծերը, բայց հավաստիացնում եմ, որ հանդիսատեսին սպասելու է շատ հետաքրքիր, դինամիկ ներկայացում: Իսկ այս պահին գեղարվետական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չունեմ: Չեմ կարող ասել, թե ինչով է դա պայմանավորված»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե Ռոզի Ավետիսովնան մեր հայ իրականության մեջ կինոյի եւ թատրոնի ասպարեզում իրեն պահանջված դերասանուհի համարում է, թե ոչ, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանում է, որ ինքն այդ մասին  ասել չի կարող. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են զգում՝ դերասանուհին պահանջված է, թե ոչ. ա՞յն որ բոլոր ֆիլմերում կամ սերիալներում ուզում են նկարահանել, տեսնել, ա՞յն, որ նա ամեն տեղ կա: եթե այդ տեսանկյունից մտածենք, չէ, ես ինձ պահանաջված դերասանուհի չեմ համարում, բայց ես շատ ուրախ եմ, որ շատ պրոֆեսիոնալ ռեժիսորների կողմից իրենց ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացել եմ: Կարծում եմ՝ ավելի լավ է լինել որակյալ տեղերում, որտեղ դու իսկապես ուզում ես լինել, որտեղ քեզ դուր է գալիս աշխատել. դա ամենակարեւորն է»:

Անդրադառնալով երկրում առկա ներկա քաղաքական իրավիճակին՝ Ռոզին նշում է, որ Հայաստանի ապագան շատ տխուր է տեսնում, եւ օր օրի այն գնալով խորանում է:

«Մենք գնալով դեպի անդունդն ենք գնում, ու ինչքան գնում ենք առաջ, այնքան խորացնում ենք եւ դժվարացնում ենք մեր հետագա քայլերը՝ ճգնաժամից դուրս գալու: Այսօր ոչ մի քաղաքացի իր եւ իր երեխայի ապագան չի պատկերացնում Հայաստանի Հանրապետության ապագան, դրանից սարսափելի բան լինել չի կարող : Փաստացի այսօր մարդ իր վաղվա օրը չգիտի, թե ինչ կլինի, ապրում ենք անորոշ վիճակում, ոչինչ պլանավորել չենք կարող, որովհետու չգիտես, թե վաղը քեզ ինչ կսպասի, ով ինչ ոտքով կարթնանա ու ինչ կսարքի այս ժողովրդի գլխին»,-շեշտում է նա:

Հարցին, թե չի պատրաստվում արդյոք արտագաղթել երկրից, դերասանուհին ընդգծում է. «Մեղք կլինի հիմա ասել, որ երկրից մեկնելու մասին չեմ մտածել, բայց նաեւ մտածում եմ, որ դեռ չեմ կարող: Հայրենիքը լքելը սիրած մարդուն լքելու պես բան է. չես ուզում, բայց ստիպված ես գնում: Դա սարսափելի զգացողություն է»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա  «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:

 

Համերգին կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան): Երեկոյի մենակատարներն են Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը: Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է, միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Խաչատուր Ավետիսյանը մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Սովորել է Գր. Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1950 թվականից աշխատել է Մերլիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես քանոնի դասարանի ղեկավար, եւ հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ ստեղծագործությունները քանոնի համար։

1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ եւ ոսկե մեդալ։ Նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները: Ահա հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Բալենի», «Ասում են, թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հ. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար եւ այլն։

 

 

ԿԱՐՈՂ Է ՈՐԱԿԱԶՐԿԵԼ

Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է որակազրկել այն ակումբներին, որոնք դուրս չեն եկել Սուպերլիգայից: ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել ակումբներին երկու տարով: Եվրոպական ֆուտբոլային 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրներն են «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» եւ «Տոտենհեմ» թիմերը: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին եւ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

 

ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 8-ին տեղի կունենա հանդիպում Լեւոն Արոնյանի հետ: Հանդիպման ժամանակ հայ գրոսմայստերը հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին. hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ կկազմակերպվի 2 հանդիպում՝ երեխաների ու պատանիների հետ (ժամը 13:00-15:00-ը) եւ երիտասարդության ու մեծահասակների հետ (ժամը 17:00-19:00-ը): Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է նախապես գրանցվել:

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ն. Տիկնիզյանի ծառայություններով. հայտնում է «Հը հտՏՐՑ»-ը: Մոսկովյան ակումբը փնտրում է ռուսաստանցի խաղացողի, որը կարող է փակել ձախ եզրը, այդ պատճառով ցանկանում է ձեռք բերել Տիկնիզյանին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական A Սերիայում հանդես եկող «Ջենոան» ու «Սպեցիան»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 26 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ:

 




Լրահոս